Իրանի ներքաղաքական կայունությունն այս պահի դրությամբ հարցականի տակ չէ. իրանագետ
«Իրանում ցույցերը սկզբնապես չունեին որևէ քաղաքական բնույթ, չէին բարձրաձայնում քաղաքական պահանջներ, բայց ակնհայտ է, որ հետո դրսից ուղղորդման միջոցով տեղի ունեցավ նաև դրանց քաղաքական բնույթ հաղորդելու գործընթաց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ տեխնոլոգիական հնարքները, որոնք կիրառում էին ցույցերն ուղղորդողները, ցույցերի վերաբերյալ տեղեկատվությունն ուրճացնողները, հիմնականում օգտագործում էին սոցիալական ցանցերը, մասնավորապես «Տելեգրամը», որն Իրանում ամենալայն տարածումն ունեցողն է:
««Տելեգրամի» զանազան ալիքներով թե ճշմարտացի, թե դրան զուգահեռ կեղծ տեղեկատվություն էր տարածվում, այդ գործընթացին նաև որոշակի ԶԼՄ-ներ էին մասնակցում: Իրանցիների վերլուծությունների համաձայն, մասնավորապես սոցիալական ցանցերում ակտիվության 70 տոկոսը բաժին է ընկնում Սաուդյան Արաբիայի ինտերնետ հասցեներին: Այս իմաստով ակնհայտ է, որ այդ ցույցերին արտաքին աջակցությունը կամ տեղեկատվական ուրճացումը տեղի էր ունենում Իրանի հետ, մեղմ մասած, ոչ բարեկամական հարաբերություններ պահպանող պետությունների կողմից: Խոսքը վերբերում է Սաուդյան Արաբիային, Իսրայելին, ԱՄՆ-ին, ինչ-որ առումով նաև Ադրբեջանին Կարելի է նաև սրանով պայմանավորել Ադրբեջան-Իրան հարաբերությունների որոշակի սառեցումը, թեև իրանցիները սրա մասին բացահայտ չեն հայտարարում»,- մանրամասնեց իրանագետը:
Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները որոշակի խաթարվել են. «Տեսանք անգամ, որ հետաձգվեց «Աստարա-Աստարա» կամրջի բացումը նույնիսկ, և այս իմաստով կարելի է ասել, որ նրանց հարաբերություններում որոշակի տեղապտույտ կա, բայց չի նշանակում, որ մենք պետք է սրանով ուրախանանք և չիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որ մենք ունենք Իրանի հետ: Իրանի ներքաղաքական կայունությունն այս պահի դրությամբ հարցականի տակ չէ, նույնիսկ ԱՄՆ հռետորաբանության խստացման պայմաններում»:
Ոսկանյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է շարունակի իր գործակցությունն այս պետության հետ:
«Երկու երկրների բազմազան ոլորտներում առկա ծրագրերին մենք պետք է հետամուտ լինենք՝ առանց ուշադրություն դարձնելու Իրանի ներսում տեղի ունեցող բողոքի ցույցերին, որոնք ըստ էության չեն ազդել թե ներիրանական, թե հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա»,- հավելեց իրանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահը խոստումներ տալու հարցում բավականին զգուշավոր է արտահայտվել
- Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի. Կարեն Կարապետյան
- Իրանում դժգոհությունն այն աստիճանի չէ, որ հնարավոր լինի օգտագործել հեղաշջում անելու համար. իրանագետ
- Հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում. իրանագետ
- Հայաստանին մշտապես ձեռնտու է տեսնել խաղաղ և կայուն Իրան. իրանագետ
- Իրանում վերջին անկարգությունները դատապարտող խաղաղ ցույցեր են անցկացվել
- Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են
- Վարչապետ. Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով