Հեռախոսի միջոցով սպառողը կստանա վաճառվող մսի մասին ողջ ինֆորմացիան
Փաստաթղթերի կիսատ-պռատ լինելու հետ կապված արտահանող ընկերությունները հաճախ ստիպված են լինում սպասել այս կամ այն երկրի սահմանին: Հատկապես բիզնեսի համար ժամանակը ոսկի է, իսկ դրա ձգձումը նշանակում է ֆինանսական կորուստներ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Գեղամ Սիմոնյանը դեպք է հիշում, երբ օրինակ եվրոպական երկիր մեղր հասցրած տնտեսվարողին թույլ չեն տվել ապրանքը ներմուծել, քանի որ փաստաթղթերն ամբողջական չեն եղել: Եղել է նաև երբ այլ երկրի սահմանային հսկողության մարմինը ցանկացել է հավաստիանալ, որ տնտեսվարողի մոտ եղած հավաստագիրը կեղծ չէ: Ծառայությունում նույնիսկ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին են աշխատել, որպեսզի կարողանան արտահանողին օգնել: Երբեմն դրա համար մի քանի օր է պահանջվել:
Նման դեպքերում ռեսուրսները, ժամանակը խնայելու, վերահսկողությունն ավելի հասցեական դարձնելու համար ծառայությունում սկսել են թվայնացման գործընթացը: Առաջին քայլերն արվել են մսամթերքի շուկայում:
Վարչության պետը բացատրում է, որ յուրաքանչյուր մարդ հավաստագրի QR կոդի վրա պահելով հեռախոսը կարող է ստանալ տեղեկատվություն այն մասին, թե ի՞նչ կենդանու միս է, ե՞րբ է մորթվել, որտե՞ղ են իրականացվել մորթն ու լաբորատոր փորձաքննությունը, ո՞վ է իրականացրել փորձաքննությունը, ո՞վ է եղել մորթված կենդանու սեփականատերը:
«Տնտեսվարողները հաճախ էին բողոքում, որ մորթված մի կենդանու միսը երբեմն բաժանվում է մի քանի մանկապարտեզի, իրենք չեն կարող ամեն մանկապարտեզի համար մի հավաստագիր տալ: Թվայնացումն այս դեպքում էլ օգնում է բոլոր կողմերին ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա մորթի, մսի տեսակի, փորձաքննության և այլնի մասին»,-բացատրեց ծառայության ներկայացուցիչը:
Այս պարագայում ապահովվում է նաև հետագծելիության մեխանիզմը: Եթե հանկարծ հայտնաբերվի, որ միսն անվտանգ չէ, ապա րոպեների ընթացքում կարելի է պարզել և կենդանու տիրոջը, և սպանդանոցը, և փորձաքննություն իրականացնողին: Համակարգն այս պահին էլ պատրաստ է, սակայն բարելավման կարիք ունի:
Հիշեցնենք՝ հանգստյան օրերին Ծաղկաձորում լրագրողների համար սեմինարի ընթացքում ներկայացվեցին սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերը: Սեմինարն անցկացվում էր «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ: Այն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ֆինանսավորվում «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում սննդի ոլորտում գործող տնտեսվարողները կռեյթինգավորվեն
- Պետական երկու մարմին կուսումնասիրեն ՀՀ քաղաքացիների սննդակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում