Հուսով եմ՝ մի օր Հայաստանին պետք չեն լինի տեսախցիկներ, ցուցակների հրապարակում. Պյոտր Սվիտալսկի
ԵՄ-ն պատրաստ է համագործակցել հայաստանյան բոլոր գործընկերների հետ՝ ընտրական գործընթացների բարելավման հարցում: Այսօր Երևանում 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ դիտորդական առաքելության զեկույցի ներկայացման ժամանակ այս մասին նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք չենք պարտադրում ոչինչ, կառուցողական կարձագանքենք ցանկացած հրավերի, կարևոր է այս ջանքերը՝ որպես շարունակական գործընթաց դիտելը: Մենք քաջալերում ենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին՝ նախապես մտածել՝ մինչև հաջորդ ընտրական գործընթացը»,- ասաց նա:
Սվիտալսկին նշեց, որ տեղյակ է՝ որոշ քաղաքական կուսակցություններ աշխատում են ընտրական գործընթացի զարգացման իրենց տեսլականի ուղղությամբ, դա քաջալերելի է, բայց պետք է դրանք օրենսդրական կարգավորում ստանան:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ խրախուսում է կոնտակտային շփման պահպանումը այն գործընկերների հետ, ովքեր եղել են ընտրությունների ժամանակ, ինչպես նաև կոալիցիայի ձևավորումը:
«Մենք բոլոր նախաձեռնություններին կոչ ենք անում միավորել ջանքերը: Ակնհայտ է՝ նրանց նպատակն ընդհանուր է, այն է՝ ժողովրդավարական երկրում առկա համակարգերը հիշեցնող համակարգ ձևավորելը»,- ասաց նա:
Սվիտալսկին հույս հայտնեց, որ վստահության մթնոլորտի ձևավորման արդյունքում մի օր Հայաստանին պետք չեն լինի տեսախցիկներ, նույնականացում, ցուցակների հրապարակում: «Հավատում եմ, որ Հայաստանը կքայլի ճիշտ ուղղությամբ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ