Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում
2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում , և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
ԿՀԸ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:
Աղբյուրը հայտնում է նաև, որ հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 10 -ական,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 6-ական,
«Ելք» կուսակցությունների դաշինք ` 2-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական:
Բաշխվել են նաև Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրությունների համար ձևավորված երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները: