Համայնքն իրավունք ունի իմանալ՝ ով և ինչպես է գնում իր հողերը. Արա Ղազարյան
Հայաստանում համայնքային հողերի աճուրդների կազմակերպումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը նշեց, որ այս խնդրով սկսել է զբաղվել տարիներ առաջ: «Սա մոտ 4 տարվա երկարաձգված պատմություն է, 2014 թ. առաջին հետազոտությունը հրապարակեցի, որի համար հիմք էր հանդիսացել մեր աշխատանքը համայնքներում: Այնտեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնելով՝ փորձ էինք արել որոշ աճուրդների մասնակցել, հասկանալ՝ որքանով են դրանք արդյունավետ, ինչպես են ծառայեցվում համայնքին, և առաջին խոչընդոտին բախվեցինք: Մեզ արգելում էին մասնակցել, ասում, որ օրենքով է արգելված»,- ասաց նա:
Պետրոսյանը նշեց, որ կային համայնքներ, որոնք թույլ էին տալիս աճուրդի մասնակցել, բայց տարիների ուսումնասիրությունը պարզեց՝ անկախ նրանից՝ բաց էր աճուրդը, թե փակ, կոռուպցիոն ռիսկ ուներ: Լրագրողի խոսքով՝ կար պայմանավորվածություն, որով գույքը վաճառողն ու գնորդը համաձայնության էին գալիս, արհեստականորեն երկրորդ դիմում էր լինում, մուտք էր արվում, ապա հողերը վաճառվում էին անգամ կադաստրային արժեքից ցածր գնով, տեղի էր ունենում համայնքային գույքի փոշիացում, որը չէր ծառայեցվում համայնքին:
«Կար կոռուպցիոն շղթա, այս ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ հողերի աճուրդը փակ իրականացնելը հենց կադաստրի ղեկավարների նախաձեռնությամբ էր եղել: Ես երկու ուսումնասիրություն իրականացրեցի՝ շարժական և անշարժ աճուրդների, միայն հողերի աճուրդն էր փակ, ինչու՞, որովհետև համայնքում հիմնական վաճառվող գույքը միայն հողն էր, ուստի համայնքի մասնակցությունը կամ վերահսկողությունը սահմանափակել էին կամ չեզոքացրել»,- ասաց նա: Ըստ Պետրոսյանի՝ հարցին պետք էր իրավական լուծում տալ:
Սահմանադրական դատարանը 2018թ. հունվարի 30-ին, բանավոր ընթացակարգով քննության է առել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի և 7-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը: Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը, որով համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք է սահմանված, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:
Իրավապաշտպան, ստրատեգիական դատավարությունների փորձագետ Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործընկերոջ՝ փաստաբան Արա Ղազարյանի հետ 4 տարի առաջ մշակեցին հաղթանակի հասնելու ստրատեգիա, և հասան նրան, որ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին: «Մենք վեճի մեջ մտանք ԱԺ հետ, դատական համակարգի, գործադիր իշխանության և ՏԻՄ-երի հետ՝ այդ ողջ հզոր արսենալի հետ, և հաղթեցինք: Մենք գտնում էինք, որ անձը, լրագրողը, հետաքննող լրագրողը պետք է հնարավորություն ունենա անձամբ ներկա գտվել աճուրդներին, դիտարկել այն և տեղեկատվություն տարածել, լուսաբանել: Իրենք կարծում էին՝ իրենց նեղ շրջապատով պիտի ներկա լինեն և ինչ ուզում են՝ անեն»,- ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանն այս առումով հաստատել է իր՝ արդյունավետ պաշտպանության միջոց լինելու հանգամանքը: Իրավապաշտպանի խոսքով՝ սրան համառորեն ընդդիմանում էին հենց Առաջին ատյանի դատարանում:
Փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը վերցրել է իրենց ամենակարևոր թեզերը: «Սա, ըստ էության, ավելի շատ ազատ խոսքի վերաբերյալ որոշում էր, քան աճուրդների: Համայնքը ուզում է և իրավունք ունի իմանալ՝ ով և ինչպես է գնում իր հողերը, ու հիմնականում՝ «ինչպես», որովհետև կոռուպցիան թաքնված է «ինչպես»-ի մեջ: Թույլ չեն տալիս՝ լրագրողը ներկա լինի, որ չտեսնի՝ ինչ խախտումներով է հողը կոպեկի գներով վաճառվում»,- ասաց նա:
Ղազարյանը նշեց՝ իրենք ՍԴ-ում ասում էին՝ այստեղ խոսքի ազատությունը միջոց է, որով համայնքը կարողանում է կառավարել իր գույքը: Փաստաբանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը խոսքի ազատության բնագավառում ևս մի կարևոր որոշում կայացրեց, որը ծառայում է համայնքի գույքային իրավունքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին