ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները
ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը հնարավոր է: Փետրվարի 8-ին Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ հարցը՝ արդյոք առկա՞ են ԵՄ-ԵՏՄ համագործակցության հեռանկարներ և հնարավորություներ, գոնե Հայաստանի համար առավել քան հրատապ է դառնում ստորագրված համաձայնագրի ֆոնին, բայց հարցը ակտուալ է ոչ միայն Հայաստանի համար: Սաֆարյանը նշեց, որ նման համագործակցության հնարավորությունները չենք բացառվում:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթը նշեց, որ ոջունելի է նման քննարկման կազմակերպումը: Նա նշեց, որ Եվրոպայում անվտանգության հարցում համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը տնտեսական բաղադրիչն է, այն մեծացնելով՝ կարելի է ավելացնել անվտանգությունը: «Ուրախ ենք, որ այս քննարկումը կարող ենք հարստացնել հայաստանյան դիտարկումներով: Մեզ հետաքրքիր է հատկապես լսել ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները այս թեմայի շուրջ»,- ասաց նա:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Եվրոպայում խաղաղության և համագործակցության գրասենյակի ասոցացված հետազոտող Ալեքսանդրա Վասիլևան ներկայացրեց իր հետազոտությունը՝ ի՞նչ հիմքեր կան, որ ԵՄ-ն երկխոսություն ծավալի ԵԱՏՄ-ի հետ: «Հայաստանը շատ հետաքրքիր օրինակ է՝ լինելով երկու միության մեջտեղում: Դուք ԵՏՄ անդամ եք, վերջերս համաձայնագիր եք ստորագրել ԵՄ հետ: Ես լավատես մտքեր կհայտնեմ համագործակցության վերաբերյալ»,- ասաց նա:
Վասիլևան առաջ քաշեց իր իսկ գնահատմամբ «համարձակ թեզ», այն է՝ ԵՄ և ԵԱՏՄ միջև անհրաժեշտ է համագործակցություն: Հիմքերից մեկն, ըստ նրա, այն է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները շատ են առևտուր անում արտաքին գործընկերների հետ, այդ թվում՝ ԵՄ հետ, սա հիմք է խոսելու ներդաշնակեցման մասին: Այսօրինակ համագործակցությունն, ըստ Վասիլևայի, թույլ կտա հաղթահարել ԵՄ-ՌԴ պառակտումը:
Նա նշեց, որ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը կարող է բարելավել բոլոր մասնակիցների տնտեսական բարօրությունը: Վասիլևայի պնդմամբ՝ ԵՏՄ բոլոր անդամները՝ ոչ միայն Հայաստանը, այլև ՌԴ-ն, հուսահատ կարիքի մեջ են տեխնիկական և այլ արդիականացման առումով, որ կարող է տրամադրել ԵՄ-ն: «Ես Հայաստանի փորձագետ չեմ, այստեղ եմ՝ լսելու ձեր կարծիքները՝ Հայաստանն ի՞նչ պատճառով կարող է կամրջային գործառույթ կատարել ԵՄ-ԵՏՄ միջև»,- ասաց նա:
Վասիլևան նշեց, որ անհրաժեշտ է խոսել կոնկրետ քաղաքականության առաջարկների մասին, իրատեսական քայլեր դիտարկել: Նա առաջարկեց երեք նախնական քայլ, առաջին քայլը ինչ-որ ֆորմալ երկխոսություն սկսելն է, այն կարելի է սկսել գերմանաֆրանսիական տանդեմից՝ խորհրդակցելով ԵԱՀԿ հետ:
Վերջինս, ըստ հետազոտողի, համախմբող հզորություն ունի, նրան մասնակից են բոլոր քննարկվող պետությունները: Իբրև հաջորդ՝ միջնաժամկետ քայլ, ըստ Վասիլևայի, լավ կլիներ՝ այդ իրավիճակը ինստիտուցիոնալ բնույթ ունենար: Երկարաժամկետ հեռանկարում հետազոտողն ակնկալում է ազատ առևտրի գոտի ԵՄ- ԵՏՄ միջև, ուր անդամ-երկրները կարող են օգտվել ապրանքների ազատ շրջանառությունից: Վասիլևան նշեց, որ իր այս փաստարկները բաց են քննարկման համար: