Երևանցին ուզում է տեսնել մակարդակով քննարկումներ, հարցի լուծումներ
Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպն արտասովորների շարքից էր: Մի բան, որ չէր եղել ավագանու նիստերի ժամանակ: Լրատվության տարբեր հարթակներում կատարվածին տրվեցին տարբեր որակումներ, սակայն տեղի ունեցածը ունի որոշակի խմբի օտարվածության, մեկ այլ խմբի ինքնահաստատվելու այլընտրանքային ուղիների դերային անորոշության հիմք:
Ավելի ուշ տեղի ունեցածի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Իսկ դատախազությունից պատասխան է ստացվել, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:
Առաջին հերթին հարց է առաջանում, թե ինչո՞ւ էին կոյուղաջրով այդ տարաները հայտնվել քաղաքապետարանում և ինչո՞ւ հենց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները նման կերպ փորձեցին ուշադրություն հրավիրել գոյություն ունեցող խնդրի վրա:
Նշենք, որ Նուբարաշենի խճուղու բնակիչները 3 օր առաջ փակել էին ՔԿՀ տանող ճանապարհը՝ պահանջելով, որ քրեակատարողական վարչությունը նորոգի ՔԿՀ-ի կոյուղին, որպեսզի գարշահոտությունը չտարածվի հարակից շենքերի բնակարաններում:
Ըստ բնակիչների, կոյուղին տարիներ առաջ է վթարվել, իսկ խնդիրը ամբողջական լուծում չի ստացել, ինչի արդյունքում կոյուղաջրերը լցվում են շենքերին հարող տարածքները: Էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնից, խնդրի առնչությամբ եղել է պարզաբանում, որ կապ է հաստատվել կալանավայրերի վարչության պետի հետ, ով հավաստիացրել է, որ մոտ ժամանակներում կսկվեն շինարարական աշխատանքները: Խնդրին տեղյակ լինելով՝ բողոքող քաղաքացիներին է այցելել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը՝ խոստանալով բնակիչներին գնալ քաղաքապետարան և հարցը բարձրացնել ավագանու նիստի ժամանակ: Ահա թե որտեղից են հայտնվել կույուղաջրով լի տարաները:
Իրավիճակով պայմանավորված «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից խնդրի մասին բարձրաձայնելու գործիքակազմը իհարկե քննադատության չի դիմանում, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ ավագանու կին անդամների նկատմամբ նման վարքային դրսևորումներն էլ ոչ մի քննադատության չեն դիմանում: Ազդելու, հակազդելու կամ փոխազդելու հնարքները, ինչ խոսք, բազմազան են, իսկ այդ հնարքների ընտրությունը պայմանավորված է դասակարգային էթոսով (չշփոթել էթնոսի հետ: Էթոս-սովորություններ, սովորույթ, բնավորություն ):
Ինչպես գիտենք, «Երկիր ծիրանի» կուսակցությունը ստեղծվել է Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես առաջ՝ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անձի շուրջ: Իսկ «Երկիր Ծիրանին» նոր իրողություն է իր բոլոր դրսևորումներով: Ուստի այս կերպարանափոխության գործընթացում նոր արժեքային ու որոշակի շահ հետապնդող տիրույթների սահմանագծում արմատապես փոխվեց այդ ուժի կարգավիճակը, որը դեռ նոր ստեղծված լինելով, հայտնվեց Երևանի ավագանու կազմում: «Երկիր ծիրանին» ըստ էության չհասցնելով հաղթահարել այն մարտահրավերները, որոնք կարող են ունենալ բոլոր նորաստեղծ ուժերը, փորձ է անում ստանձնել ընդդիմադիր լոկոմոտիվի դեր և մեծ քաղաքական շարժումներ անելու գործընթացում մղվում է չնորմավորված վարքաբանության հորձանուտ՝ իր համար ստեղծելով անորոշություն: Այդ են վկայում վերը նշված ուժի քաղաքական ու քաղաքացիական սակավամարդ ակցիաները:
Վերադառնալով միջադեպին, կարելի է նշել, որ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցության անդամների վարքային դրսևորումները նույնպես աչքի էին ընկնում իրենց չնորմավորվածությամբ: Իսկ կարելի՞ էր ընտրել այլ ռեակցիա: Իհարկե այո: Մի բան ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունը պետք է ոչ միայն իր «դիրքերը պահի»: Տարբեր ու բազմաթիվ ահազանգեր են լինում, որոնց հետքերով լուծումներ ենթադրող գործողություններով ավագանու մեծամասնությունը նույնպես պետք է դրսևորի օպերատիվություն: Վերջին հաշվով երևանցին ուզում է տեսնել մակարդակով քննարկումներ, տարբեր կնճռոտ հարցերին տրվող լուծումներ, այլ ոչ ծեծկռտուք: Այսպիսով՝ չնայած 9 տարվա իր գոյությանը ավագանին դեռ կայանալու տեղ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան