2017թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինը «Գազպրոմ Արմենիան» է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից, համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն ընդհանուր առմամբ, 2017 թ-ին պետական բյուջե է վճարել 39 մլրդ 717 մլն 691,5 հազար դրամ: Նշենք, որ 2016 թ-ին «Գազպրոմ Արմենիա»-ն վճարել է 42 մլրդ 381 մլն 154,1 հազ. դրամ հարկ:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը նախորդ տարի պետական բյուջե է վճարել 34 մլրդ 751 մլն 753.7 հազար դրամ, ինչը 2016թ-ի համեմատ 12.18 մլրդ դրամով ավելի է:
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաշվետու տարում վճարել է 22 մլրդ 36 մլն 114.6 հազար դրամի հարկ՝ 2016թ-ի 11, 88 մլրդ դրամի դիմաց:
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Ալեքս Հոլդինգը ընկերությունը նշված ժամանակահատվածում պետբյուջե է վճարել 21 մլրդ 470 մլն 221.1 հազ. դրամի հարկեր և տուրքեր`հայտնվելով խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում:
Առաջին հնգյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ պետբյուջե վճարելով 18 մլրդ 670 մլն 324.4 հազար դրամ:
2017 թվականին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը (13 մլրդ 457 մլն 38.6 հազար դրամ), ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը (12 մլրդ 597 մլն 720.0 հազար դրամ), ութերորդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է, որի վճարած հարկերի ծավալը կազմում է 12 մլրդ 459 մլն 178.1 հազար դրամ, իսկ Ջեյ Թի Այ Արմենիան զբաղեցնում է իններորդ տեղը՝ 11 մլրդ 995 մլն 501.0 հազար դրամով:
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ պետական բյուջե վճարելով 11 մլրդ 644 մլն 618.4 հազար դրամ: