ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի մասին
Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է, այն նաև խոչընդոտում է երկրների միջև մշակութային համագործակցությունը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը:
«Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին: Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է: Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին»,-նշել է պաշտոնյան:
Ջոն Քրոնանի խոսքով, խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, ովքեր իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է նման դեպքերից հետո թերահավատություն և կասկած դրսևորվի, որովհետև ենթադրաբար մյուսները ստել են:
Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Ջոն Քրոնանը կրկնում է «ենթադրաբար» բառը, հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցված, անձը մեղավոր չէ.
«Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»:
Մեղադրանքի համաձայն, Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ և պարողներ, լուսանկարում և վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում.
«Յուրաքանչյուր անձ ենթադրաբար, վճարում էր մեղադրյալներին 3-15 հազար դոլար»:
Մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է , որ իրեն մեղավոր չի համարում:
Անդրադառնալով մյուս մեղադրյալ, ենթադրաբար Հայաստանում գտնվող Դիանա Գրիգորյանին, Ջոն Քրոնանը հիշեցրել է, որ նրա նկատմամբ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել.
«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միևնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջև»:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ վիզաների խարդախության համար Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Բոյաջյանին ու Գրիգորյանին է ներկայացվել նաև փողերի լվացման մեղադրանք , իսկ Ստելա Բոյաջյանը նաև մեղադրվում է ինքնության կեղծման մեջ: