Մեր անելիքն իրական այլընտրանք դառնալն է. Արամ Սարգսյան
Մեզ շատ լուրջ փորձություն է սպասվում: Նոր փորձության պարագայում ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի, ինչ համգամանքներում հանրությունը փողոց դուրս կգա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը փորձելու է վերարտադրվել: Ակնհայտ է, որ այդ վերատադրությունը մեր երկրի, մեր պետականության վրա շատ վատ անդրադարձ է ունենալու: Մեր խնդիրներից մեկն այն է, որ մեր երկիրը լուսավոր մարդկանց միջոցով հասցնենք Հանարապետության: Մենք այս առումով շատ անելիք ունենք: Այդ անելիքն իրական այլընտրանք դառնալն է: Մենք ունենք մարդիկ, որոնք կարող են զբաղեցնել շատ լուրջ պաշտոններ, ունենք ծրագրեր, որոնք ազատական են և տարբերվում են գործող իշխանության ծրագրերից: Վստահ եմ, որ արդյունք գրանցելու ենք, ճիշտ հաշվարկված, զուսպ աշխատանքի դեպքում այդ հաջողությունը շատ չի ուշանա»,- ամփոփեց Արամ Սարգսյանը:
«Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ», «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր հերթին ներկայացրեց կուսակցության ծախսերը՝ նկատելով, որ դրամական միջոցների հիսուն տոկոսը բաժին է հասնում գրասենյակային տարածքների վարձակալությանը, քսանհինգ տոկոսը՝ տարբեր միջոցառումներ իրականացնելուն և վերջին քսանհինգ տոկոսը՝ ՏԻՄ ընտրությունների կազմակերպման նպատակով :
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Մանե Թանդիլյանը նկատեց, որ պետք է ձեռնամուխ լինել պետականության ամրապնդմանը:
«Հայաստանում մնացողների ընտրություն կատարելու ժամանակն է: Այսօր պայքարը հետադիմականի և առաջադիմականի, հնի և նորի, բռնությունն արդարացնողի և չարդարացնողի, գորշի և լուսավորի միջև է: Այս պայքարն ամենուր է: Մենք կոչված ենք առաջնորդելու նորը և լուսավորը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները պատրաստվում են երկիրը դնել բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանի մեջ. Փաշինյան
- Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը