Էդմոն Մարուքյանը վերընտրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարի ավարտին տեղի ունեցած քվեարկության արդյուքներով կուսակցության նախագահ վերընտրվեց Էդմոն Մարուքյանը:
Ինչպես վերջինս նշեց լրագրողների հետ ճեպազրույցում, համագումարի ընթացքում ընդունված «Իրավունքի գերակայության մանիֆեստը» միտված է նրան, թե Հայաստանը պետության ինչպիսի մոդելով պետք է կառավարվի:
«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում այս անցումային շրջանում իրավունքի գերակայության չափորոշիչներն անտեսվում են: Մենք ձևավորում ենք մի հզոր գործադիր իշխանություն՝ սուպերվարչապետական լիազորություններով, որի կցորդներն են լինելու օրենսդիր և դատական իշխանություններ: Դրանք լինելու են ոչ թե հավասարության վրա՝ մեկը մյուսին հակակշռելու համար, այլ գործադիր իշխանության ենթակա մարմիններ: Այս մանիֆեստը լինելու է առաջիկա տարիների մեր կարևոր ուղենիշը»,- ասաց քաղաքական գործիչը:
Էդմոն Մարուքյանի խոսքով, անթույլատրելի է, որ կառավարության նիստերն այսուհետ ընթանալու են դռնփակ ռեժիմով, կառավարությանն առընթեր մարմինները դառնալու են վարչապետին ենթակա մարմիններ:
Նա միաժամանակ շեշտեց, որ «Ելք» դաշինքում որևէ բանավեճ չի կարող ավարտվել հօգուտ իշխանության: Բանավեճերն ավարտվում են բացառապես հօգուտ ՀՀ քաղաքացու բարօրության և արժանապատվության:
«Իհարկե, դաշինքում բազմաթիվ հարցերի շուրջ մենք ունենք տարբեր կարծիքներ: Մենք տարբեր քաղաքական գործիչներ ենք, սակայն որևէ խնդիր միմյանց հետ չունենք: Ինչ որ ասում են Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը, կարող եմ ստորագրել նրանց ասածների տակ, ես ոչ իմ, ոչ նրանց ասածների միջև հակասություն չեմ տեսնում»,- նշեց ԼՀ կուսակցության ղեկավարը:
Վերջում ընդդիմադիր գործիչը կրկին վերահաստատեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով պաշտոնավարելն անընդունելի է «Ելք» դաշինքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Փորձելու ենք նպաստել Հայաստանի խորը համգործակցությանը ԵՄ-ի հետ. եվրոպացի գործիչ
- Մեր անելիքն իրական այլընտրանք դառնալն է. Արամ Սարգսյան
- Իշխանությունները պատրաստվում են երկիրը դնել բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանի մեջ. Փաշինյան
- Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին