Թափոնների ոլորտում անկառավարելի վիճակ է. Հակոբ Սանասարյան
Օրենսդրական առումով ներկայում ամենաանկառավարելի վիճակը թափոնների ոլորտում է: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Եթե նայեք թափոնների մասին օրենքը, այդտեղ գրված է, որ հանքարդյունաբերության թափոնները կարգավորվում են մեկ այլ օրենքով, դա քանի տարի է՝ ընդունվել է, նույն միտքը կրկնվում է, բայց երբ փնտրում եք, որևէ տեղ չեք գտնում թափոնների մասին որևէ ակնարկ»,- ասաց նա: Սանասարյանը նշեց, որ ռադիոակտիվ թափոնները հանված են այս դաշտից, նաև սովորական թափոնները. դրանց 99,9 տոկոսը կազմում են հանքարդյունաբերության թափոնները, ոլորտը, փաստորեն, չի կառավարվում:
Բանախոսն ասաց, որ իրենք դիմել են ՀՀ մի քանի վարչապետների՝ իրենց պաշտոնավարման շրջանում, մոտ կես տարի առաջ բնապահպանության նախարարը հայտարարեց, որ ուզում են հանքարդյունաբերության թափոնը ոչ թե իբրև լցակույտ ներկայացնել, ինչպես արվում էր, այլ որպես թափոն: Սանասարյանի խոսքով՝ 2016 թ. թափոնների քանակը նշված է 56 մլն տոննա, սրանցից մոտ 2 մլն խմ-ը կենցաղային թափոններն են, իսկ մնացածը հանքարդյունաբերության թափոններ են: Դրանք, ըստ բանախոսի, պետք է վերանայվեն այն առումով, որ ավելի շատ հանքաքար է վերամշակվում, քան ցույց են տալիս:
«2013 թ. մի խմբով մենք եղանք Քաջարանում, այդ օրերին գրում էին, որ մենք ձգտում ենք դեպի 12.5 մլն տոննա մեկ տարվա ընթացքում: Բայց տարբեր արտադրություններում մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ նրանք օրական մշակում են 80-81 հազար տոննա հանքաքար: Երբ այդ թիվը բազմապատկում ենք օրերի քանակով, ստացվում է 30-31 մլն տոննա տարեկան»,- ասաց նա:
Սանասարյանն ընդգծեց, որ մետաղական հանքավայրերի թափոններում տարատեսակ ծանր մետաղներ կան, ռադիոակտիվ տարրեր և կյանքի համար վտանգավոր այլ նյութեր: Նրա խոսքով՝ այդ նյութերն առաջին հերթին բուսական աշխարհի վրա են ազդում. առանձին դեպքերում դրանց հետևանքով ոչնչանում է բուսականության մինչև 80-85 տոկոսը: Կենդանական աշխարհի դեպքում, նաև՝ մարդկանց պարագայում, թափոնները մի շարք հիվանդությունների պատճառ կարող են դառնալ՝ քաղցկեղից սրտանոթային հիվանդություններ ու ողնաշարի խնդիրներ: