Գրիշա Վիրաբյանին ոչ թե «կաշառք» առաջարկելու փաստն է վրդովեցրել, այլ գումարի չափը. «Հրապարակ»
«Գրիշա Վիրաբյանն ասել է, որ Դուք իրեն կաշառք եք առաջարկել, եղե՞լ է այդպիսի բան», «Հրապարակ»-ը հարցրել է նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին: «Նախ՝ նման հարցադրումն ինքնին, անհեթեթ է՝ այն պարզ պատճառով, որ ցանկացած մարդ գիտի` կաշառքը (Քրօր. 111, 112 հոդվածներ) պաշտոնատար անձին տրվող վարձատրությունն է ինչ-որ գործունեության կամ անգործության դիմաց, իսկ Գ. Վիրաբյանը կարծես թե պաշտոնատար անձ չէ, և կաշառքի մասին խոսելն այս դեպքում անհեթեթություն է»,-թերթի հարցին ի պատասխան, ասել է Կոստանյանը:
Հարցին՝ այնուհանդերձ, գումար առաջարկե՞լ եք, Կոստանյանն արձագանքել է. «Ոչ միայն Վիրաբյանին, այլև շաբաթվա ընթացքում երեք-չորս անձի հետ, որպես Եվրոպական դատարանում պետության ներկայացուցիչ, բանակցում եմ` դատարանում առկա գործերը հաշտությամբ լուծելու համար, ինչն իմ կոնվենցիոն պարտավորությունն է, ՄԻԵԴ կոնվենցիան ուղղակի սահմանում է, որ յուրաքանչյուր գործ կողմերը պետք է լուծեն բարեկամական կարգավորման եղանակով»:
Դիտարկմանը, այսինքն՝ ամեն ինչ անում եք, որ գործը չհասնի վերջնական վճռի, իսկ հաճա՞խ եք այդպես «բարեկամանում» կողմերի հետ, Կոստանյանն արձագանքել է. «Շատ»:
Հարցին՝ իսկ Վիրաբյանին «բարեկամության» դիմաց ինչքա՞ն էիք առաջարկել, Կոստանյանը պատասխանել է. «Թող ինքը հրապարակի»:
Թերթի դիտարկմանը՝ կարո՞ղ է քիչ էիք առաջարկել, դրա համար էլ «չբարեկամացաք», վերջինս արձագանքել է. «Ցավալիորեն, բանակցություններն ընդհատվեցին հենց այդ հիմքով»: