Թուրքիան պատրաստվում է ինքնակառավարվող տանկեր արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրոնք պատրաստվում են առաջիկայում արտադրել հեռակառավարվող տանկեր։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը տեղեկացրել է, որ Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում թուրք զինվորների կողմից օգտագործվող զենքի 65 տոկոսը թուրքական արտադրության է։
«Մենք պետք է ինքներս արտադրենք հեռակառավարվող տանկեր և մենք դա կանենք։ Եթե մենք ինչ-որ մեկից կախում ունենայինք, ապա չէինք կարողանա հասնել այս կետին։ Մենք կարողացանք հաջողության հասնել ինքներս։ Այդ են վկայում մեր հաջողություններն Աֆրինում, որտեղ սպանվել է արդեն 1780 ահաբեկիչ»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ հեռակառավարվող տանկերը կօգնեն նվազեցնել Թուրքիայի զինուժի կենդանի ուժի կորուստները։
Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։