Հովհաննես Ազիզյան. Լեհական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով
Լեհական կողմը դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ իրանական և եվրասիական շուկա մուտք գործելու համար՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով նման հարթակ հանդիսանալու հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա: Նման տեսակետ են հայտնել Վարշավայում անցկացված հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի մասնակիցները: Նիստը տեղի է ունեցել փետրվարի 19-ից 20-ը:
Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, լեհական կողմի նախագահը՝ Լեհաստանի Հանրապետության ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Տադեուշ Կոսչինսկին:
«Հաշվի առնելով լեհական տնտեսության առանձնահատկությունները՝ որպես փոխգործակցության հնարավոր ոլորտներ, առանձնացրել ենք դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան։ Ցանկանում եմ ընդգծել, որ լեհական բիզնեսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բավական մեծ էր։ Մի շարք ընկերությունների հետ քննարկեցինք Հայաստանում ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ դեղագործության, գինեգործության ոլորտում, նաև կենցաղային մաքրող միջոցների համատեղ արտադրության հնարավորությունը»,-ասել է Հ. Ազիզյանը:
Նրա խոսքով, քննարկումների ընթացքում լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ իրանական և եվրասիական շուկա մուտք գործելու համար՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով նման հարթակ հանդիսանալու հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոխանցմամբ, նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտին, կողմերը նշել են, որ արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների երկկողմանի աճ: Մասնավորապես 2017 թվականին Լեհաստանից Հայաստան ներգնա այցելույթունների թիվն աճել է 40%-ով։ Լեհական կողմն առաջարկել է կազմակերպել տուրօպերատորների և լրագրողների ճանաչողական այց Հայաստան։ Նշվել է նաև, որ Լեհաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում միջտարածաշրջանային զբոսաշրջային արդյունքը։
Հարակից հրապարակումներ`
- «Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է». Լեհաստանում ՀՀ դեսպան
- Լեհաստանի Սեյմը միաձայն ընդունել է հայ համայնքին առնչվող բանաձև
- Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր
- Քննարկվել են հայ-լեհական ռազմական համագործակցության զարգացումները
- Բացվել է հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը
- «Լեհ թագավորն ու Հակոբ Ջուղայեցին ունեցել են նամակագրական կապեր»... հայ-լեհական բարեկամության արմատները