Պետք է հավատալ վաղվա օրվան. Ալեքսան Հակոբյան
Վաղվա օրվա համար պայքարելիս սկսում են աշխատել մյուս ուժերը՝ հոգևոր ուժերը, և սկսում են զարգանալ մշակույթը, արվեստը: Փետրվարի 23-ին «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության կազմակերպած հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մարդու համար կարևորագույն բանը հոգևոր աշխարհն է. կան գաղափարներ, իդեաներ, պատկերացումներ՝ տիեզերքի, հասարակության և այլնի մասին, դրանք են հոգևոր աշխարհը: 88-ին, ըստ Հակոբյանի, հոգևորից բացի կար նաև որոշակի պրոֆեսիոնալիզմ:
«88-ին ես ինչ-որ բանի պակաս զգում էի, բայց 89-ին երբ բանտից վերադարձանք, 5-6 ամիս նստելուց հետո, արդեն զգացինք, որ լրիվ պատկերացնում ենք և աշխարհը, և անելիքը՝ մարդկանց հետ, հսկայական զանգվածների հետ աշխատանքում: 88-ի փորձն, անշուշտ, դեր էր կատարել: Ես մի քիչ շուտ դուրս եկա, չորս երեխա ունեի, ինձ թողեցին, փորձում էին ճշտել՝ եթե անդամներից մեկին դուրս թողնեն, ինչ կլինի: Ոչ մի բան էլ չեղավ»,- ասաց նա:
Հակոբյանը ընդգծեց, որ իրենց շարքերում հիմնականում գերազանց առաջադիմություն ունեցողներ են եղել, իսկ գերազանց առաջադիմություն նշանակում է ուղղակի սովորելուց չխուսափել: Նա ուսանողներին խորհուրդ տվեց շատ սովորել, շատ կարդալ, անկախ նրանից՝ ինչ են հանձնարարում, քանի որ երբ յուրացնում ես գիտելիքը, այդ դեպքում ստացվում են մեծ գործեր:
«Նվիրումը ևս կարևոր էր, այն ենթադրում էր հաշվենկատության պակաս: Հաշվենկատությունը սուտ բան է: Եթե հաշվենկատ լինեք, միշտ կպարտվեք: Եղեք իդեալիստ, եղեք լավատես, եղեք ռոմանտիկ: Ոչինչ պակաս մի թողեք, ամեն ինչ ցանկացեք, իմ սերնդի, «Ղարաբաղ» կոմիտեի հաջողությունը նաև դրա հետ է կապված»,- ասաց նա: Հակոբյանն ուսանողներին խորհուրդ տվեց նաև սիրել՝ թե լավը, թե վատը, որովհետև իրենց աշխարհի վատն է, որը սիրելով կարելի է փոխել:
Հակոբյանն ասաց, որ ապագայի հետ մեծ հույսեր է կապում, լցված է լավատեսությամբ: «Ձեր հնարավորություններն անսպառ են, ես լավատես եմ: Պետք է վաղվա օրվան անպայման հավատալ, անկախ նրանից՝ ինչ է ենթադրում կենցաղային փորձը»,-ն ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան