ՀՔԾ. Նախկին քննիչի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատախազին
Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ Դ. Հովհաննիսյանն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին և վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու և մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:
Այնուհետև 31.01.2017թ.-ին քննիչը կայացրել է առանձնատան մուտքի դռան փականն ու բանալիներն առգրավելու մասին որոշում, կազմել տուժողի կնոջ հարցաքննության, առգրավման և փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները տուժողին ծանոթացնելու մասին արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց կատարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ: Ընդ որում, առգրավման վերաբերյալ կազմված արձանագրությունում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ և դրել կեղծ ստորագրություններ:
Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Դ. Հովհաննիսյանը կազմել է նաև դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում ևս մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Դ. Հովհաննիսյանն ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել նաև գողության կատարման մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունում` նշելով, թե, իբր, գործողության կատարմանը ներկա են գտնվել երկու ընթերականեր, ինչպես նաև դրել է կեղծ ստորագրություններ: Դ. Հովհաննիսյանն իր կողմից կազմված, կեղծ տեղեկություններ պարունակող և ամբողջովին կեղծ բոլոր փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` դրանք կցել է իր վարույթում քննվող քրեական գործին:
Այսպիսով, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` բազմաթիվ դրվագներով պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: