Ես դեմ կլինեմ, որ ինչ-որ ԶԼՄ-ի ներկայացուցիչ իր ուզած պահին բացի իմ աշխատասենյակի դուռը և հարցեր տա. Եսայան
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը որևէ կապ չունի խոսքի ազատության սահմանափակման հետ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Լրատվամիջոցները Հայաստանում ազատ են, յուրաքանչյուր երևույթի նկատմամբ ցանկացած տեսակետ, ցանկացած վերաբերմունք կարող են ներկայացնել, և որևէ պետական կառույց չի կարող, իրավունք չունի սահմանափակելու խոսքի ազատությունը: Խոսքը, կարծում եմ, վերաբերում է զուտ աշխատանքային պրոցեսին, թե ինչպես և ուր պետք է մուտք գործեն լրագրողները: Սա յուրաքանչյուր կառույց ինքը պետք է որոշի:
Չեմ կարծում, որ լրագրողները ցանկացած պահի կարող են մտնել կառավարության ցանկացած մասնաշենք, ցանկացած աշխատասենյակ և ցանկացած պաշտոնյայի հետ հարցազրույց անել: Մշտապես կապ է պահվում այդ պաշտոնյայի, լրատվական ծառայության հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,- ասաց պատգամավորը:
Մարգարիտ Եսայանը համոզմունք հայտնեց, որ լրագրողական հանրույթը պետք է առաջարկներով «խեղդի» Երևանի քաղաքապետարանին:
«Ժուռնալիստների միության նախագահը վերջերս հանդիպել է Երևանի քաղաքապետին, և կարծում եմ, ճիշտ կլինի, որ առաջարկները Ժուռնալիստների միության միջոցով ներկայացնի քաղաքապետարանին: Իրականում խնդիր կա, սակայն, ես, որպես պատգամավոր, դեմ կլինեմ, որ ցանկացած պահի իմ աշխատասենյակի դուռը ինչ-որ լրատվամիջոցի ներկայացուցիչ իր ուզած պահին բացի, մտնի և փորձի հարցեր տալ: Այսինքն՝ պիտի լինի որոշակի էթիկայի կանոն, որը ենթադրում է տվյալ մարդու հետ պայմանավորվել իր աշխատասենյակ մտնելու համար»,- նշեց Մարգարիտ Եսայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում