«Առավոտ». Հենց սա է կանգնել Բաքվի կոկորդին
«Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների հասցեին այս կեղծիքների ու վիրավորանքների ալիքի հետևում կանգնած է Ադրբեջանի ղեկավարությունը»,-վերլուծական հոդվածում գրում է «Առավոտ»-ն ու անդրադառնում այդ ալիքի պատճառներին:
Հոդվածի հեղինակը մասնավորապես գրում է. «Կարծում եմ՝ դժվար չէ գլխի ընկնել, թե ինչն է ստիպել Բաքվին ալեկոծել ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենայի չարչրկված ու մահու չափ ձանձրալի դարձած ռիթմերը: Հայաստանի նախագահի ելույթները թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ Մյունխենում, խփել են ուղիղ նշանակետին: Ադրբեջանում չեն կարողանում կուլ տալ նախագահի աներկբա վերլուծությունները` հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ իրերի ներկա դրության վերաբերյալ, որը, ինչպես հստակ ի ցույց դրեց Սերժ Սարգսյանը, Ադրբեջանին ոչ մի լավատեսության հիմք չի տալիս:
Թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ Մյունխենում Հայաստանի նախագահի ելույթները հանդիպեցին դրական արձագանքի, իսկ Հայաստանի վարած քաղաքականությունն արժանացավ ամենաբարձր գնահատականի: Հատկապես խորհրդանշական էր, երբ Հայաստանին միաժամանակ գովում էին թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Ռուսաստանը:
Հայաստանը միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես արժանապատիվ ու վստահելի գործընկեր, տարածաշրջանային կարևոր դերակատար, որը հակասություններով լի այս դարաշրջանում փորձում է կամուրջներ կառուցել ու տարաձայնություններ հարթել:
Երբ Հայաստանի նախագահը նման գովեստների է արժանանում Եվրոպայում, թարսի պես հենց այդ նույն օրերին մեկ այլ միջազգային խորհրդաժողովում` Դավոսում, Ադրբեջանի նախագահը հրապարակավ ստորացվում է` այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ու մամուլի անազատության համար քննադատության ենթարկվելով ողջ աշխարհի աչքի առջև:
Դե էլ ինչպես պահի իրեն հարևան երկրի արքան, երբ անուրջները խորտակվում են մեկը մյուսի հետևից, երբ տասնամյակներով իր հասարակությանը սնած կեղծիքները դուրս են գալիս ջրի երես: Հենց սա չեն կարողանում մարսել Բաքվում, հենց սա է կանգնել նրանց կոկորդին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները