Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Իմ աշխարհը» ցուցահանդեսը
«Սարյան» արվեստի ստուդիայի սաների «Իմ աշխարհը» ցուցահանդեսը կբացվի մարտի 10-ին, ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, կներկայացվեն ստուդիայի սաների աշխատանքները, նախատեսված են ստուդիայի դասավանդողների հաշվետվությունը անցած և սպասվող նոր ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի դիտումը (ֆիլմը նկարահանվել է 1965 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան)։ Ապա տեղի կունենա սաների պատվոգրերի հանձնման արարողությունը:
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը: Մուտքն ազատ է:
«Սարյան» արվեստի ստուդիան հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերին, թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակում (հեղինակ-հիմնադիր՝ Ժաննա Մանուկյան): Այն արվեստի եզակի կենտրոն է, որը գործում է թանգարանի ներսում՝ ինտերակտիվ, կրթաճանաչողական և ժամանցային մեթոդներով դասընթացներ կազմակերպելով:
Ստուդիայում կարող են ուսանել 5 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:
Դասավանդման հիմնական ուղղություններն են՝ նկարչություն, արվեստի պատմություն, գոբելեն: Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական պարապմունքներից, որոնց շրջանակներում կազմակերպվում են այցեր տարաբնույթ թանգարաններ, արվեստի կենտրոններ, ժամանակակից նկարիչների և քանդակագործների արվեստանոցներ, հուշարձաններ և այլն: