ՏԻՄ ընտրությունները չենք անտեսում, պարզապես հարմար թեկնածուներ չունենք. Արարատ Միրզոյան
«Ելք» դաշինքն այս կիրակի Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում ոչ թե դրանք արհամարհելու կամ անկարևոր համարելու, այլ պարզապես հարմար թեկնածուներ չունենալու պատճառով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Համապատասխան թեկնածուներ չեն եղել, որոնց համար պայքարեինք»,- ասաց նա։
Հարցի՞ն՝ հնարավոր է, որ այս փաստը խոսում է դաշինքում մարդկային որակյալ ռեսուրսների պակասի մասին, Արարատ Միրզոյանը բացասական պատասխան տվեց. «Այս պահին ռեսուրսների խնդիր չկա։ Պարզապես կոնկրետ այդ 20 համայնքներում հարմար թեկնածուներ չունենք։ Այնպես որ, ՏԻՄ ընտրություններն արհամարհելու կամ դրանք անտեսելու խնդիր չկա»։
Արարատ Միրզոյանը հավաստիացրեց, որ «Ելք»-ը պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել ապագայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, եթե իհարկե տվյալ բնակավայրերում հարմար թեկնածուներ ունենա։
«Մենք միշտ ասել ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շատ կարևոր են, խոսքը միանշանակ այդ ընտրություններին մասնակցելուց ձեռնպահ մնալու մասին չէ»,- ասաց խորհրդարանականը։
Մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր համայնքներում թեկնածուներ է առաջադրել: Մի քանի համայնքներում կլինեն մրցակցային ընտրություններ, բացի ՀՀԿ-ական թեկնածուներից այդ գյուղերում առաջադրվել են նաև ԲՀԿ կամ ՀՅԴ ներկայացուցիչներ:
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին ընդդիմության չմասնակցելու հանագամանքին, ապա ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ առնչությամբ օրերս նման կարծիք էր հայտնել. «Շատ համայնքներում մրցակցություն չի սպասվում, որովհետև որոշ կուսակցություններ, որոնք խոսում են ժողովրդավարության, ձայնը լսելի դարձնելու մասին, ձեռնպահ են մնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց»:
Նրա խոսքով, առանց ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցության դժվար է խոսել բազմակարծության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կայացվածության մասին: