Խոշոր կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները. Թանդիլյան
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողվի ադամները միաձայն կողմ քվեարկեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին:
Պատգամավորը համոզմամբ, օրենքի ներկայիս կարգավորումներով խոշոր կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, համացանցում կամ տարածել գրքույկների տեսքով:
Թանդիլյանը նշեց, որ խոշոր կազմակերպություններին պետք է պարտավորեցնել քաղաքացիների դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվություն տրամադրել դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, ինչպես նաև պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար խստացնել պատիժը, խիստ պատիժ սահմանել շահագրգիռ կողմերին հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով չտրամադրելու համար:
«Յուրաքանչյուր անձ՝ իրավաբանական, թե ֆիզիկական, եթե ցանկություն ունի ստանալու այդ տեղեկատվությունը, նա դառնում է շահագրգիռ անձ։ Այո, ամեն մեկը կարող է որոշել, որ ուզում է տեղեկատվություն ստանալ։ Նա պետք է կարողանա ստանալ այդ տվյալները, և եթե կա օրենքով սահմանված հնարավորություն դա հրապարակելու, յուրաքանչյուր անձի համար պետք է լինի հասանելի»,- ասաց Մանե Թանդիլյանը։
Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Էդուարդ Շարմազանովն իր հերթին նկատեց, որ ընդդիմադիր իրենց գործընկերներն այնքան լավ նախագիծ են ներկայացրել, որ այլևս կարիք չկա լրացուցիչ առաջարկություններով հանդես գալ։