2017թվականին Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում է եղել
Փետրվարի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվել է նախորդ տարվա աշնանը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Վրաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպան Սադոյանն իր հերթին Վրաստանի Արդարարդատության նախարարին հրավիրել է պատասխան այցով լինել Հայաստանում։
Դեսպան Սադոյանը նշել է, որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) և հույս է հայտնել, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում: Զրուցակիցներն այս համատեքստում անդրադարձել են Հայաստանից այցելուներին առնչվող հարցերին և դրանց՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ուղիներին:
Դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքներն ու կառավարման նոր ձևի անցմանն առնչվող հարցեր։
Թեա Ծուլուկիանին իր հերթին խոսել է արդարադատության ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի ու արդյունքների մասին։