Ուսանողները քաղաքացիներին հիշեցրել են անվտանգ սնվելու իրավունքի մասին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ համատեղ, մարտի 13-ին իրականացրել է իրազեկման միջոցառում՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Այս մասին հայտնում են ծառայության լրատվական բաժնից։
Մի խումբ ուսանողներ, շրջելով Երևանի կենտրոնական և մարդաշատ փողոցներով, սպառողի ուղեցույցներ են բաժանել քաղաքացիներին և փոխանցել տեղեկատվություն սպառողի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ սնվելու իրավունքի մասին: Ուսանողները համաքաղաքացիներին հորդորել են իրացման ցանցերում ուշադիր լինել սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ և խախտում նկատելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով: Քաղաքացիներն էլ իրենց հերթին են հնչեցրել իրենց հետաքրքրող հարցերը և ստացել պատասխաններ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանն արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է Ծառայության նախաձեռնությամբ իրականացվող նման ակցիաներին, որոնք լինելու են շարունակական և ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, այլև դրանից դուրս: Միջոցառմանը մասնակից ուսանողների խոսքերով՝ նմանօրինակ ակցիաները դրական ազդեցություն են ունենում և հնարավորություն են տալիս սպառողին ևս մեկ անգամ տեղեկանալու, որ վերահսկող մարմնի հետ համագործակցելու դեպքում կնվազեն անորակ, ժամկետանց և ապագայի սննդամթերքի իրացման դեպքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ