Աշխարհի ամենազարգացած քաղաք է ճանաչվել Սինգապուրը
Juniper Research խորհրդատվական ընկերությունը Intel-ի հետ համատեղ իրականացրել է հետազոտություն, որի արդյունքում պարզել է, թե որոնք են աշխարհի ամենազարգացած քաղաքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ առաջին տեղում հայտնվել է Սինգապուրը՝ ճանաչվելով աշխարհի ամենազարգացած քաղաք: Այն առաջատար է բոլոր ցուցանիշներով՝ մոբիլություն, առողջություն, անվտանգություն և արտադրողականություն:
Ուսումնասիրության մեջ նշված է, որ Սինգապուրում, որին անվանում են նաև Ասիայի «մայրաքաղաք», բնակիչները կարող են խնայել տարեկան մինչև 60 ժամ՝ շնորհիվ զարգացած տրանսպորտային համակարգի, իսկ տեսահսկման համակարգը հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին հաջողությամբ պայքարել հանցագործության դեմ:
Ուսումնասիրության հեղինակները նշում են նաև, որ 1965թ-ին անջատվելով Մալազիայից, Սինգապուրը՝ քաղաք-պետությունը կարողացավ զարգանալ և օրինակ դառնալ ամբողջ աշխարհի համար:
Նշվում է նաև, որ աշխարհի ամենազարգացած քաղաքների լավագույն հնգյակի մեջ մտել են Լոնդոնը, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն և Չիկագոն: