Արցախի երեխաների պատասխանը՝ Ադրբեջանում իրենց թշնամի համարող երեխաներին
2018թ.-ի մարտի սկզբին համացանցում տարածվեց ադրբեջանական մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ուսուցիչը նախակրթական տարիքի երեխաներին սովորեցնում, որ հայերն իրենց թշնամիներն են:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշել է պարզել, թե ինչպիսին է իրավիճակը շփման գծի մյուս կողմում՝ Լեռնային Ղարաբաղում:
Պատրաստված տեսանյութում երեխաները հարցին, թե ով է իրենց թշնամին, պատասխանում են՝ Սարդ-մարդը, վիշապը, Մաշան, ով անընդհատ խանգարում է արջուկին: Վերջում երեխաներն իրենց ուղերձն են հղում հայերին թշնամի անվանած Յունիսին ու ասում. «Յունիս, դու իմ թշնամին չես», «Յունիս, ես քո թշնամին չեմ»:
Տեսանյութում ներկայացվում է նաև 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների ու պատերազմական հանցագործությունների վիճակագրություն: