«ԼՂ հարցում ոչ ոք չի ցանկանում ձևաչափի փոփոխություն, ու հատկապես՝ ՄԽ համանախագահները»
ԼՂ հարցով բանակցությունների սեղանի շուրջ քննարկում են հազար ու մի բան՝ վստահության մեխանիզմներ, հնարավորություններ և այլն, բայց ոչ՝ հարցի իրական լուծման գաղափարը: Մարտի 16-ին Երևանում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները» թեմայով գիտաժողովին նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
«Ցավում եմ, որ նաև միջազգային հանրությունը չի ընկալում, որ այսօրվա դրությամբ այդ բանակցությունները առանց Արցախի տեղի չեն ունենալու: Գալիս են Մինսկի խմբի համանախագահները, մեկնում են Ստեփանակերտ, եթե պետք է՝ այսպես են ասում, եթե պետք է՝ մի այլ բան են ասում: Մադրիդյան սկզբունքները իմ պատկերացմամբ՝ ինչ-որ չափով ֆորմուլա են, որ ուշ թե շուտ կարող է փոխվել: Դա այն է, ինչ թույլ է տալիս առնվազն Ադրբեջանին և Հայաստանին ներս մտցնել սենյակ, որ ասեն՝ այստեղ բանակցություններ են տեղի ունենում»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց՝ արդեն նախկին համանախագահների հետ խոսելիս՝ նրանք հաճախ անկեղծանում են և ազնիվ այլ բաներ ասում: Պողոսյանը խոսեց բանակցային գործընթացների յուրահատուկ մի մեխանիզմի մասին. հաճախ, երբ բանակցողին փոխում են, կարծես ամեն ինչ սկսվում է զրոյից, և կա այդ հնարավորությունը: Նա ընդգծեց՝ տպավորություն է, որ այսօրվա իրավիճակն այնքան է բոլորին բավարարում, որ ոչ ոք չի էլ ցանկանում ձևաչափի փոփոխություն, ու ամենակարևորը՝ դա չեն ցանկանում հենց երեք համանախագահները:
«Այս ձևաչափը երևի թե ավելի շատ իրենց է պետք, գուցե Ամերիկա-ՌԴ հարաբերություններում, ԱՄՆ-ՌԴ-Ֆրանսիա-ԵՄ հարաբերություններում, մյուս կողմից՝ դու տեսնում ես՝ ամեն երկիր, երբ իր շահերից է բխում, այնպիսի բաներ կարող է անել, որ … լինի դա Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը կամ այլ երկիր: Մենք պետք է հասկանանք, որ՝ այո, զուգահեռ երկու գործընթաց է գնում. կա մի գործընթաց, որ կոչվում է բանակցություններ, և գործընթաց, որ կոչվում է մեր կյանք: Ես փորձում եմ ավելի շատ մեր կյանքով մտահոգվել»,- ասաց նա:
Պողոսյանն ընդգծեց՝ բանակցային գործընթացի հետ միասին, երբ համանախագահներից մեկը զենք է վաճառում Ադրբեջանին, մյուսը բնականաբար իր լավագույն դաշնակցին չի ասում՝ ի՞նչ ես անում, ու՞ր ես զենք վաճառում Ադրբեջանին, բա ինչպե՞ս է օգտագործելու, եթե իրենք իսկապես մտահոգ են իրական կյանքի զարգացման խնդիրներով, առնվազն ինչ-որ մեսիջներ պետք է լսեին: Պողոսյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ոչ ոք չի գալու, չի պաշտպանելու, վաղը եթե բան լինի, շատ ու շատ միջազգային գործընկերներ կարող է նույնիսկ չզանգեն, հարցնեն՝ կա՞նք, թե՞ ոչ, և 2016 թ. ապրիլը լավագույն ապացույցն է:
«Մինչև չլինենք այնքան հզոր, որ մեզ հարգեն, որ մենք դառնանք հետաքրքիր, շատ հարցեր չեն լուծվելու, սա հենց զուգահեռ իրականությունն է մեր կյանքում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հարցում ոչ առաջընթացը, ոչ հետաձգումը Ադրբեջանի համար նախընտրելի չեն. Լորենս Բրոերս
- Արցախում մարդիկ իրապես հավատում են, որ լավագույն խաղաղապահն իրենց որդիներն են. Թևան Պողոսյան