Երևանի կենտրոնում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
Ոստիկանության Էրեբունու բաժնում մարտի 13-ին ժամը 10։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել։ Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը կրակել են հարևանի տան վրա։
Մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք մեկնել է օպերատիվ խումբ։ Զննությամբ պարզվել է, որ կրակել են փողոցի կողմից։ Գնդակը անցնելով պատշգամբի արգելապատնեշը, կոտրել էր երկշերտ ապակու դրսի շերտն ու մնացել պատշգամբի դռան մեջ։ Ըստ տուժողի՝ լսվել էր 2-3 կրակոց։
Ոստիկանությունից հայտնում են, բարեբախտաբար պատշգամբում մարդ չէր եղել։ Գնդակն անցել էր հենց այն հատվածով, որտեղ տան բնակիչները սովորաբար նստում են։ Գնդակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ըստ եզրակացության՝ կրակել էին 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակից։
Մարտի 14-ին, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Նույն օրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել , որ կրակոցները հնարավոր է արձակած լինի Խորենացու փողոցի բնակիչ, 35-ամյա Ա. Խոջոյանը՝ իր «ԲՄՎ» մեքենայից։
Տեղեկությունները հաստատվել են տարածքը հսկող մասնավոր տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ, որտեղ պարզ երևում է դեպի խաչմերուկ շարժվող «ԲՄՎ» մակնիշի մեքենան, որից հենց շարժման ընթացքում արձակվում են կրակոցները։
Ալբերտ Խոջոյանը հայտնաբերվել է Խորենացի փողոցի իր բնակարանից և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Բաժնում նա ոստիկաններին հայտնել է, որ հրազենը պատկանել է պապին և պատահաբար է կրակել։ Ոստիկանների ունեցած նախնական տեղեկություններով, մարտի 13-ի գիշերը, Խոջոյանը եղել էր անսթափ վիճակում։
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 1519 համարի «Նագան» տեսակի ատրճանակը, որը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Ալբերտ Խոջոյանը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին