Արայիկ Հարությունյանը Սիդնեյում ապրող հայերին կոչ է արել իրենց հանգիստն անցկացնել Արցախում
Չնայած առկա օբյեկտիվ դժվարություններին, Արցախը զարգանում է, և ակնառու հաջողություններ կան գրեթե բոլոր ոլորտներում: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա այսօր այցելել է մի շարք արդյունաբերական և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ և ծանոթացել դրանց աշխատանքներին:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Ա. Հարությունյանը եղել է, մասնավորապես, կաթնամթերքի, խաղողի վերամշակման և թիթեղի արտադրության ձեռնարկություններում: Նա ծանոթացել է արտադրական պրոցեսներին, հետաքրքրվել վերամշակման նորամուծություններով, ինչպես նաև՝ պատասխանատուների հետ քննարկել ունեցած փորձով Արցախի գործարարների հետ կիսվելու հնարավորությունները:
Այնուհետև Ա. Հարությունյանը հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հանդես է եկել Արցախի՝ անկախության տարիներին ունեցած ձեռքբերումների մասին ծավալուն ելույթով:
«Արցախում ապրող ժողովրդի անունից՝ երախտագիտություն եմ հայտնում Ավստրալիայում և Սփյուռքի մեր մյուս գաղթօջախներում ապրող բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անտարբեր չեն հայրենիքի հանդեպ: Անկախությունից ի վեր՝ տարբեր բարեգործական կազմակերպությունների և անհատների միջոցով մենք մշտապես զգացել ենք Սփյուռքի գործուն աջակցությունը: Այսօր կոչ եմ անում բոլորիդ պարզապես պարբերաբար այցելել և սեփական հանգիստը կազմակերպել ազատագրված ու բարգավաճող Արցախում, ձեռնարկատիրական գործունեություն ծավալել այնտեղ: Հայրենիքը սփյուռքի հաստատուն արմատն է, և, կարծում եմ, բոլորիս պարտքն է ամուր կառչած մնալ մեր արմատին»,- ասել է Ա. Հարությունյանը:
Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Տպավորիչ ցուցանիշներով ենք սկսել նաև նոր տարին. Արայիկ Հարությունյան
- Պետնախարար. Արցախում Էական գնաճ չի արձանագրվել՝ բացի նավթամթերքի շուկայից