Հայաստանյան երջանկությունը 8 նիշ անկում է ապրել մեկ տարում. Լուիզա Սարգսյան
«Այսօր երջանկության միջազգային օրն է, շնորհավորում եմ բոլորին, երջանիք եղեք, կամ գոնե փորձեք լինել երջանիկ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը։
Նա ներկայացրեց, որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանց կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը։
«Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ֆինլանդիան, նրան հաջորդում են մի շարք սկանդինավյան երկրներ։ 156 երկրներում անցկացված հարցումների համաձայն Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղը, պետք է նշել, որ 2016 թվականին մեր երկիրը զբաղեցնում էր 121-րդ տեղը, փաստորեն հայաստանյան երջանկությունը 8 նիշ անկում է ապրել մեկ տարում։ Նշեմ, որ Ադրբեջանը գտնվում է 87-րդ տեղում։ Երջանկության չափանիշով Հայաստանից հետ են մնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կոնգոն, Ուգանդան, Սուդանը, Զիմբաբվեն, Աղֆանստանը, Սիրիան»,- նշեց պատգամավորը։
Նա տեղեկացրեց, որ զեկույցը երջանկությունը գնահատել է տնտեսության աճ, սոցիալական ծառայություններ, ազատություններ, իրար նկատմամբ մարդկանց մեծահոգություն, կյանքի տևողություն, կոռուպցիայի հանդեպ վերաբերմունք չափանիշներով։
«Ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց երկրում չունեն երջանկություն, և այսօր երջանկության բանալին փնտրում են օտար երկրներում և ընտրել են պայքարի մի միջոց՝ լուռ հեռնալ սեփական հայրենիքից»,- եզրափակեց իր խոսքը Լուիզա Սարգսյանը։
Ամբիոնից հեռացող պատգամավորին դիմելով՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Գոնե վերջում ժպտացեք, այս դահլիճում մի քիչ ժպիտն ավելանա։ Ժպտացեք, կանայք, ժպտացեք»։