Յուն Հո Չժուն. Կորեայի խորհրդարանը կարևորում է համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ
Հայաստանն ուշիուշով հետևում է Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունններին, աշխարհաքաղաքական զարգացումներին և տեղյակ է, որ Կորեայի Հանրապետությունը ջանք չի խնայում տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար:
Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանև Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գինինի հետ հանդիպմանը:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեային՝ ԼՂ հիմնահարցի շուրջ ունեցած հավասարակշռված մոտեցման համար՝ փաստելով, որ Հայաստանի համար խաղաղությունն այլընտրանք չունի:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված քայլերը և վերջին տարիներին կատարված փոխայցերը:
Դեսպան Ու Յուն Գինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել իր նկատառումները՝ համագործակցության առաջիկա ծրագրերի հետ կապված: Նորանշանակ դեսպանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստելու հայ-կորեական բարեկամության և միջպետական հարաբերությունների խորացմանը: Ու Յուն Գինը նշել է, որ մայիսին Երևանում անցկացվելու են Կորեայի մշակույթի օրեր. նա հրավիրել է Արա Բաբլոյանին մասնակցելու մշակութային միջոցառումներին:
Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունը, շնորհակալություն հայտնելով պատվիրակությանն ընդունելու համար, նշել է, որ Կորեայի խորհրդարանը կարևորում է համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ:
Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ հայ-կորեական հարաբերությունները բավականին զարգացել են վերջին տարիներին և ակնհայտ է, որ երկու ժողովուրդներին միավորում է խաղաղությունն իրենց երկրում և տարածաշրջանում պահպանելու ձգտումը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը
- Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին