Պետք է թիրախավորվի ոչ միայն տնտեսական աճի ցուցանիշը, այլ նաև ընդհանուր զարգացումը. Շուշան Սարդարյան
«Երբ պաշտոնապես հրապարակվեց, որ Հայաստանում տնտեսական աճը 2017 թվականին կազմել է 7.5 տոկոս ՝ ամենահաճախ տրվող հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է հասարակությունը զգացել այդ աճի դրական էֆեկտը, որքանով է այն ազդել ընդհանուր բարեկեցությանը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը։
«Այո, կառավարությանը հաջողվել է վերջին 10 տարվա կտրվածքով աննախադեպ 7.5 տոկոս աճ ապահովել այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս: Համաձայնենք, որ ինչքան տնտեսական աճի թիվը մեծ է, հասարակության ակնկալիքներն ավելի շատ են: Բայց, մի տեսակ կենտրոնանալով ՀՆԱ-ի աճի մեխանիկական ցուցանիշի վրա՝ զարմանում ենք, որ հասարակությունը անհաղորդ է մնում դրան:
Ուրեմն, պետք է թիրախավորվի ոչ միայն տնտեսական աճի ցուցանիշը, այլ նաև ընդհանուր զարգացումը»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս առումով կոնցեպտուալ նոր մոտեցում է թելադրում Նախագահ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ տնտեսական աճը պետք է լինի ներառական և արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի համար և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար:
«Նշանակում է, որ տնտեսության կայուն և համաչափ զարգացումը աստիճանաբար պետք է բերի արդյունքի ավելացման, որի պայմաններում հասարակության յուրաքանչյուր անդամ, առաջին հերթին եկամտային ցածր շեմ ունեցող, իր մաշկի վրա զգա, որ աճ է արձանագրվել:
Սրան զուգահեռ, մասնավոր հատվածը, հատկապես գյուղատնտեսության ու թեթև արդյունաբերության ոլորտները իրականացվող ներդրումների շնորհիվ պետք է կարողանան զբաղվածության խնդիրը համարժեք լուծել, որովհետև այս ճյուղերը մաքսիմալ աշխատատեղեր են ստեղծում և կարևոր են ներառականության տեսանկյունից։
Իսկ մինչ այդ, կարո՞ղ ենք ասել, թե որքանով է նախորդ տարիների տնտեսական աճը ներառական եղել, որքանո՞վ է նպաստել բարեկեցության աճին։ Ընկալումները տարբեր են ՝ մի դեպքում աճի էֆեկտը կա, մյուս դեպքում՝ ոչ: Եվ որպեսզի չմնանք սուբյեկտիվ գնահատականների հույսին, ապա ներառականությունը պետք է լինի իրապես չափելի»,- ասաց պատգամավորը։
Նրա ներկայացմամբ՝ մեր երկրի տնտեսական դրական զարգացումների մասին այսօր վկայում են նաև միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականները. «Տնտեսական նախադրյալները այսօրվա իրավիճակում, կարելի է ասել, համակարգաստեղծ են, և նպաստում են, որպեսզի կայուն տնտեսական աճը տարեցտարի փոխակերպվի ներառական տնտեսական զարգացման»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան