Հայերը հաջողակ են այլ երկրներում կարիերա ստեղծելիս, բայց լավ կլինի, որ այլընտրանք չփնտրեն դրսում. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նոր նախաձեռնության և Հայաստանում երիտասարդության հզորացմանն ուղղված չորս նոր ծրագրի մեկնարկի մասին: Մարտի 21-ին ծրագրերի մեկնարկի արարողության ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, դիմելով երիտասարդներին, նշեց, որ նրանք պետք է կարողանան ստեղծել այլ պետություն:
«Պատասխանատվությունը ձերն է՝ ձեր երկրի, ձեր պետության համար ավելի լավ ապագա ստեղծելու, մարդկային քաղաքակրթությունից մնացած և այլ մշակույթներում մնացած լավագույն ավանդույթները վերցնելու: Դուք սերունդ չեք, որը պետք է օգուտ քաղի: ԵՄ-ն հավատում է երիտասարդներին, հատկապես հայ երիտասարդներին: Դուք ունեք այդ առավելությունը, ունեք հարուստ քաղաքակրթություն, հայտնի անձինք բոլոր ոլորտներում»,- ասաց նա՝ հավելելով, որ երիտասարդները պետք է կարողանան երկիրը առաջ տանել և ներկայացնել աշխարհին, ինչը շատ կարևոր փորձառություն է: Սվիտալսկին նշեց՝ հայերը տաղանդավոր են, բարձր IQ ունեն, ԵՄ-ն աջակցում է՝ լավ կրթության հնարավորություն ստեղծելով երիտասարդների համար:
Նրա խոսքով՝ կյանքում հաջողության համար որոշիչը կրթությունն է, որը ստացել են, և նույնիսկ եթե բնական բարձր IQ ունեն, դա բավարար չէ, այն պետք է լրացված լինի լավ կրթությամբ՝ առանց կոռուպցիոն դրսևորումների, սա, ըստ ԵՄ պատվիրակության ղեկավարի, այն ամենն է, ինչին իրենք փորձում են տարբեր ձևերով աջակցել:
ԵՄ ուշադրության կենտրոնում է նաև աշխատանքը: Սվիտալսկին ընդգծեց՝ աշխատանքի խնդիրը բավական բարձր է երիտասարդների շրջանակներում՝ մոտ 30 տոկոս՝ այն երիտասարդների շրջանում, ովքեր ավարտում են ուսումը:
«Այո, իրականում սա մի բան է, որը առաջնային կարևորություն ունի երիտասարդների համար՝ լավ աշխատանք, որը համապատասխանում է իրենց կրթությանը և ձգտումներին: Առանց ՓՄՁ-ներին և բիզնես ծրագրերին աջակցության՝ մենք չենք կարողանա շարունակել, սթարթափ ծրագրերի կարիք ունենք»,- նշեց նա:
Սվիտալսկու խոսքով՝ անձինք, ովքեր անհամաձայնության մեջ են միջավայրի հետ, ունեն երեք տարբերակ՝ կամ համաձայնել, կամ բարձրաձայնել իրենք անհամաձայնությունը, կամ լքել երկիրը: Նա ընդգծեց՝ չէր ցանկանա, որ այդ անձինք բավարարվածություն ստանան այլ երկրներում: Նա նշեց՝ հայերը շատ հաջողակ են այլ երկրներում կարիերա ստեղծելիս, բայց լավ կլինի, որ նրանք բավարարվածություն գտնեն իրենց երկրում, այլընտրանք չփնտրեն դրսում:
«Ես հպարտ եմ, որ չորս ծրագիր է ընտրվել արդեն, սա վկայությունն է նրա, որ մեծ պոտենցիալ կա, տաղանդ, ստեղծարարություն, մենք հպարտ ենք, որ հաջողվեց այս ծրագիրը»,- ասաց Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագիրը կազմվել է Դանիական Կարմիր խաչի կողմից` Հայկական, Վրացական և Բելառուսական Կարմիր խաչի ազգային ընկերությունների հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները: Հայաստում ծրագիրը ներառելու է սահմափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդների Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ այդ թվում նաև հաշվարկային տվյալներով առավել խոցելի 300 երիտասարդի, ովքեր տուժել են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքներից: Մոտ 60 երիտասարդ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանան՝ սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագիրը նպատակ ունի զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Ծրագիրը նաև կաջակցի երիտասարդներին առավել լայնորեն օգտվելու ուսումնակրթական հնարավորություններից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու տարբեր ոլորտներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը տեղական և ազգային մակարդակներում:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝զբաղունակություն և կայունություն» ծրագրի առանցքային բաղադրիչը 300 երիտասարդների վերապատրաստումն է կյանքի, սոցիալական, մասնագիտական և զբաղունակության հմտությունների վերաբերյալ՝ ըստ Նեքսթ Էքոնոմի դասընթացի ծրագրի: Հայաստանցի երիտասարդները կծանոթանան մրցակցային աշխատաշուկային, պահանջվող մասնագիտություններին, կտեղեկանան թե որտեղ աշխատանք փնտրել, ինչպես պատշաճ պատրաստվել աշխատանքի դիմելու գործընթացին, ինչպես նաև ձեռք կբերեն աշխատանքային փորձ: Մասնավոր բիզնեսի և պետական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, ծրագիրը 120 երիտասարդի աշխատանքային պրակտիկայի հնարավորություն կտա ինչպես նաև կապող օղակ կհանդիսանա երիտասարդների և պոտենցիալ ապագա գործատուների միջև: Արդյունքում այդ երիտասարդներից 70-ը, ծրագրի ավարտին, աշխատանք կստանան:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում ապրող երիտասարդների գործազրկության խնդիրների հասցեագրմանը և եկամտի աղբյուրների ստեղծմանը։ Թիրախային խումբ են հանդիսանում հատկապես սակավ հնարավորություններ ունեցող 15-ից 35 տարեկան երիտասարդներ։ Ծրագրի նպատակն է աջակցել նրանց աշխատանք գտնելու կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան