ՌԴ Դուման արդարացրեց պատգամավորի ոտնձգությունները
ՌԴ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը մարտի 21-ին քննարկել է լրագրողների կողմից Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկիին ուղղված սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները։ Էթիկայի հանձնաժողովը, ինչպես սպասվում էր, աջակցել է Սլուցկիին ու ոչ մի խախտում չի հայտնաբերել նրա պահվածքում։ Մի շարք պատգամավորներ ոչ միայն արդարացնում են Սլուցկիին, այլ նաև մեղադրում լրագրողներին բացահայտումների համար։
Էթիկայի հանձնաժողովի անդամներից Ռաիսա Կարմազինան էլ նշել է, թե ինքը 300 անգամ ավելի գեղեցիկ է եղել ու ոչ ոք իր նկատմամբ սեռական ոտնձգություններ չի իրականացրել։
Հանձնաժողովն անգամ չի էլ լսել Սլուկցիին մեղադրանքներ առաջադրած BBC-ի ռուսական ծառայության լրագրողի ձայնագրությունը, որտեղ բացահայտ լսվում է Սլուցկու կողմից իրականացրած ոտնձգությունները։
Սլուցկու վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի նախագահող Օտարի Արշբան էլ լրագրողի հարցին, թե չի կարծում, որ իրենց այդ որոշումը նաև իր թոռնիկների է դարձնում քիչ պաշտպանված, ասել է, թե ինքն իր «թոռնիկներին կպաշտպանի բոլոր տեսակի տականքներից»։
Իսկ լրագրողներին պաշտպանելու կարիք չկա, քանի որ իրենց հետ աշխատում են։ Վլադիմիր Ժիրինովսկու որդի Իգոր Լեբեդևն էլ, ով Դումայի փոխխոսնակն է, հայտարարում է, որ «ռուս հասարակության մեջ սեռական ոտնձգությունների խնդիր գոյություն չունի»։
Հանձնաժողովի որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել ու որպես լրագրողների հետ համերաշխություն նշան՝ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ բոյկոտ են հայտարարել Դումային ու հրաժարվում են լուսաբանել նրա աշխատանքները։ Բոյկոտին միացած ԶԼՄ-ների ցանկը գնալով ավելանում է։
«Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիրը հայտարարել է, որ իրենք Դուման համարում են ոչ անվտանգ վայր լրագրողների համար ու նրանց հետ կանչում Դումայից։ Լենտա․ռու-ն խոստանում է իր կայքից ջնջել Սլուցկու վերաբերյալ բոլոր նյութերը, որոնք չեն վերաբերում սեռական ոտնձգություններին։ ԶԼՄ-ները պահանջում են էթիկայի հանձնաժողովից փոխել Սլուցկու վերաբերյալ որոշումը։
Բոյկոտին միացած ԶԼՄ-ների թվում են BBC-ի ռուսական ծառայությունը, «RTVI», «Дождь», հեռուստաընկերությունները, РБК հոլդինգը, «Эхо Москвы», «Говорит Москва» ռադիոկայանները, «Коммерсант»-ը, Znak.com-ը, Republic և «МБХ медиа»-ն, «Новая газета»-ն, «Лента.ру»-ն, «Одноклассники» սոցիալական ցանցը և այլն։