Ռադիկալ հերոսների անխուսափելի քաղաքական ուղին՝ Ժաննա Դ՛Արկից մինչև Նադյա Սավչեկնո
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, նույնիսկ հերոսությունը։ Այդպիսին է մարդկային հասարակությունը՝ քմահաճ, պահանջկոտ, երբեմն էլ տարօրինակ: Գեղեցիկը փնտրում են չափի մեջ, իսկ չափը որոշում են ուժեղները։ Հերոսությունն ու քաջությունը ամենապահանջված առաքինություններից են, բայց միաժամանակ՝ հերոսականություն ծնող արմատականությունը, կտրուկ գործողությունների հակումը, ըմբոստանալու շարունակական ձգտումը միշտ չէ, որ մեծ պահանջարկ ունի հանրության մեջ և քաղաքական կոնյուկտուրայից կախված կարող են նույնիսկ դատապարտելի լինել։
Վերջինիս ականատես եղանք երեկ, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան համաձայնություն տվեց Նադեժդա Սավչենկոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և ձերբակալելուն։ Քաղաքական գործիչ դարձած նախկին ռազմական օդաչուն մեղադրվում է հեղաշրջում կազմակերպելու և ահաբեկչության նախապատրաստման մեջ։
Ըստ անվտանգության ծառայությունների հրապարակած տեսանյութի՝ Սավչենկոն առաջարկում է հեղաշրջում անել և ֆիզիկական հաշվեհարդար տեսնել ղեկավարության հետ։
Սավչենկոն Ուկրաինայի ազգային հերոս է։ Նա այդ կոչումը ստացել է 2015թ․-ին, երբ դեռ ռուսական բանտում էր, որտեղ նա հայտնվել էր ռուս լրագրողների սպանության և ռուսական սահմանն անօրինական հատելու համար։ Սավչենկոն որպես կամավոր մասնակցում էր Դոնբասում ընթացող կռիվներին, երբ 2014թ․-ի հուլիսին նրան բռնեցին պրոռուսական ուժերը և նա տեղափոխվեց Ռուսաստան։
Մոտ երկու տարի տևած դատավարության ընթացքում Սավչենկոն դարձավ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի մղած պայքարի խորհրդանիշը, 2014թ․-ի դեկտեմբերին ընտրվեց Ռադայի պատգամավոր և 2015թ. դարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ։
Ուկրաինան ահռելի դիվանագիտական ու քաղաքական ջանքեր գործադրեց նրա ազատման համար և հերոսական ընդունելություն ցույց տվեց նրան, երբ դատապարտյալների փոխանակման արդյունքում 2016թ. մայիսին վերադարձավ Կիև։ Սավչենկոն փառավոր ընդունելության արժանացավ նաև Ստրասբուրգում, ուր նա ժամանել էր որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ մասնակցելու վեհաժողովի աշխատանքին։ Ավաղ, Սավչենկոյի ռադիկալիզմը թույլ չտվեց նրան երկար վայելելու հերոսի փառքը։
Այս պատմությունը որոշակիորեն հիշեցնում է Ժաննա Դ՛Արկի անցած ուղին։ Ճիշտ է, կիևցի օդաչուի և Օռլեանի կույսի միջև համեմատություն կատարելը չափազանցություն կարող է թվալ, բայց այդուհանդերձ նմանություններ հնարավոր է նշմարել։ Երկուսն էլ իշխանական շրջանակների կողմից օգտագործվեցին արտաքին թշնամու դեմ հանրությանը մոբիլիզացնելու համար, երկուսն էլ պայքարում էին օտարերկրյա զավթիչների դեմ, երկուսն էլ հերոսացան ու իրենց արմատականության պատճառով զրկվեցին փառքի դափնիներից՝ յուրաքանչյուրն իր դարաշրջանին հատուկ ընթացակարգով՝ մեկին այրեցին, մյուսին զրկեցին անձեռնմխելիությունից ու կալանավորեցին։
Իհարկե, Ժաննա Դ՛Արկը հետմահու հերոսացվեց ու վերագտավ իր փառքը՝ դառնալով պայքարի ու խիզախության խորհդանիշ ողջ աշխարհում, այդուհանդերձ կենդանության օրոք նրա պայքարի չափազանց մեծ եռանդը չգնահատվեց։
Պատմությանը հայտնի են շատ այլ ռադիկալ գործիչներ, որոնք պատերազմներից վերադարձել են հաղթարշավով, առաջնորդել են դարակազմիկ հեղափոխություններ, լայնածավալ բարեփոխումներ կատարել, բայց չեն կարողացել հարմարվել հետցնցումային իրավիճակին և հարգել խաղաղ ժամանակների խաղի կանոնները։
Արմատականությունն էլ իներցիա ունի, և դա էլ դառնում է ներքին ու արտաքին հակամարտության պատճառ, երբ հերոսը առճակատվում է ինքն իր և պահպանողական ու կայունության ձգտող հասարակության հետ։ Ահա այդ ժամանակ էլ արդեն նախկին հերոսներին հիշեցնում են չափի ու գեղեցկության մասին, և լուռ ուղեկցում դեպի «կառափնարան»՝ հետագայում նրանց վերագտնելու ու վերագնահատելու «գթասիրտ հանձնառությամբ»։