Ֆրանսիայում զոհվել է ոստիկանը, որն առաջարկել էր պատանդների փոխարեն իրեն վերցնել
Ոստիկանը, որը համաձայնել էր Ֆրանսիայի հարավում ահաբեկչական գործողության ժամանակ սուպերմարկետի պատանդառված այցելուի փոխարեն իրեն պատանդ վերցնել, մահացել է ստացած վնասվածքներից: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Փոխգնդապես Արնո Բելտրամը մահացել է: Նա զոհվել է հայրենիքի համար: Ֆրանսիան երբեք չի մոռանա նրա հերոսությունը, քաջությունն ու զոհաբերությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի հարավում, Կարկասոն կոմունայում, մարոկկացի մի տղամարդ կրակել է մեքենայի վարորդի վրա, վիրավորել նրան, իսկ ուղևորին սպանել, այնուհետև վերցրել նրա ավտոմեքենան ու հարձակվել հատուկ ջոկատայինների վրա, դրանից հետո մտել սուպերմարկետ և մարդկանց պատանդ վերցրել: Այդ ժամանակ էլ ոստիկան Արնո Բելտրամն պատանդառուին առաջարկել էր սուպերմարկետում պատանդ վերցրած կնոջ փոխարեն իրեն վերցնի: Ընդհանուր առմամբ, զոհվել է 3 մարդ, վիրավորվել 16-ը, որից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Նշվում է նաև, որ ոստիկանությունը սպանել է հանցագործին: