ՀՀ քաղաքացիների համար ամենակարևորը համերաշխություն պահպանելն է երկրի ներսում. Աշոտյան
«Չեմ կարծում և բացառում եմ, որ այսօրվա իրադարձությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Լրագրողների հարցին, թե ինչ կմաղթի նոր վարչապետին, Աշոտյանն ասաց. «Չեմ սիրում մաղթել՝ մինչև իրադարձություն տեղի չունենա: Ժամանակից շուտ չեմ շնորհավորում»:
Մեկ այլ հարցի, թե ինչպես է հասել ԱԺ, պատգամավորն ասաց, սովորականի պես, նորմալ:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների ԱԺ-ում գիշերելուն՝ ասաց. «Ես նման հանրապետական չեմ տեսել»:
Իրավիճակի հանգուցալուծման մասին խոսելիս Աշոտյանն ասաց. «Կա էներգետիկա և այդ էներգետիկան պետք է քաղաքական գործընթացների միջոցով փոխակերպել գործողությունների մեխանիզմների արդյունքների: Սա է ամենակարևորը, ակնհայտ է, որ երկրում առկա են բազմաթիվ դեռև չլուծված խնդիրներ, ակնհայտ է, որ երկիրը կարող է գնալ առաջ և զարգանալ, եթե ամուր է պետականության հիմքը, եթե գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, բացառապես քաղաքական են, իրավաչափ են ու իրավական և բռնի չեն: Կարծում եմ՝ մնացածը աշխատանքով պետք է ապացուցել»:
Նրա խոսքով՝ ամենակարևորը ՀՀ քաղաքացիների համար համերաշխություն պահպանելն է երկրի ներսում: