ԳՆ. Սյունիքի մարզում զարգանում է շինշիլաբուծությունը
Սյունիքում 2015-ից գործում է «Փափուկ» շինշիլաբուծական տոհմային տնտեսությունը: Այն ի սկզբանե ունեցել է 40-50 կենդանի, գլխաքանակն աստիճանաբար ավելացրել են, ապրիլի վերջին նախատեսվում է ներմուծել մոտ 2000 գլուխ կենդանի:
Շինշիլաները ներմուծվում են Դանիայից և Լեհաստանից, արագ հարմարվում են Հայաստանի կլիմային, շատ հեշտ են պահվում և մեծ խնամք չեն պահանջում: Նման մանրամասներ տնտեսություն այցելած գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է տնօրեն Մհեր Միրզոյանը:
Նրա խոսքով՝ մորթին այժմ մշակման փուլում է, վերջնական արտադրանքը մոտ 2-3 ամիս անց կհայտնվի շուկայում:
«Սպառման համար պայմանավորվածություններ ունենք հիմնականում Կանադայի, Լեհաստանի և Դանիայի հետ, որոնց պահանջարկը մեծ քանակներով է», - նշել է Մհեր Միրզոյանը` հավելելով, որ արտադրանքի իրացման պայմանավորվածություններ կան նաև տեղական շուկայում:
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարն այցելել է «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մի շարք ընկերություններ, տեղում ծանոթացել գործարանների արտադրանքին, ներկա հզորություններին ու առաջիկա ծրագրերին:
«Լամաքս Գրուպ» ՍՊԸ-ի կազմում են «Մարիլա» և «Վամաքս» ընկերությունները, ունեն նաև մանր եղջերավոր կենդանիների սպանդանոց և տոհմային խոզաբուծական ֆերմա, արտադրանքն իրացնում են «Սյունիքի բարիքներ» խանութների ցանցում և խոշոր սուպերմարկետներում։
Տնօրեն Ալյոշա Մկրտչյանն ընդգծել է, որ կաթնամթերքն արտադրում են բացառապես անարատ կաթից, արտադրական պրոցեսում չոր կաթ առհասարակ չի կիրառվում։
Ընկերության կաթնամթերքի պահպանման ժամկետները շատ կարճ են, իրացումը կազմակերպում են Սյունիքի մարզում ու Երևան քաղաքում, իսկ վերջին մեկ ամսում այն նաև Արցախի սպառողներին է հասնում։ Սպառման խնդիրներ չունեն. կաթնամթերքի պահանջարկը հաճախ չեն կարողանում ամբողջությամբ բավարարել, ուստի փորձում են ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին։
Ընկերությունն աշխատում է փակ շղթայով. վերամշակված արտադրանքի ստացման համար օգտագործում են բացառապես սեփական արտադրության կաթը և միսը, այստեղ ապահովում են ապրանքների հետագծելիությունը, խստիվ պահպանվում են անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը։
«Վամաքս» ընկերությունն ունի շուրջ 800 խոշոր եղջերավոր սիմենթալ ցեղատեսակի կենդանիներ։ Տնօրենը նշում է, որ իրենց արտադրանքի ինքնարժեքը բարձր է, քանի որ բարձրորակ հումք են օգտագործում։ Այս համատեսքստում նա կարևորել է մակնշման պահանջի պահպանումը, ինչի շնորհիվ իրենց արտադրանքն ավելի մրցունակ կդառնա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները