Բեռնար Կուլի. «ՀՀԿ ապահովեց մեծամասնություն և ընտրեց Սերժ Սարգսյանին որպես վարչապետ»
Լյուբենի համալսարանի պրոֆեսոր Բեռնար Կուլին, ֆրանսիական TV5Monde հեռուստաալիքի հետ զրույցում անդրադառնալով Երևանում մեկնարկած ցույցերին, նշել է, որ քաղաքացիական ակտիվիզմը Հայաստանի պարագայում սովորական երևույթ է։
«Խորհրդարանական ընտրություններով Հանրապետական կուսակցությունն ու իր դաշնակից քաղաքական ուժը ապահովեցին մեծամասնություն, և հենց այդ մեծամասնությունն էր, որն իրականում ընտրեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում՝ նրան տալով իրավական լեգիտիմություն՝ ի հակադրություն այն ժողովրդական լեգիտիմությանը, որը ներկայումս առկա է Երևանի փողոցներում։ Սա մի բան է, որին արդեն սովորել են Հայաստանում»,- նշել է Կուլին։
Վերջինիս խոսքով՝ ցույցերը դժվար թե բերեն վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, քանի որ խնդիրը ոչ այնքան Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը պահելուն է վերաբերվում, որքան այն քաղաքական ուժի, որին հենց ներկայացնում է Սարգսյանը։
«Սերժ Սարգսյանը շատ կարևոր սառցաբեկորի երևացող գագաթն է, այն է՝ Հանրապետական կուսակցության, մի շարք քաղաքական գործիչների, ովքեր բավական երկար ժամանակ ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունը, ովքեր ցանկություն ունեն պահել իրենց իշխանությունը»,- ընդգծել է Կուլին՝ հավելելով, որ որևէ նորություն չկա, քանի որ այս գործընթացներից առաջ արդեն իսկ տեղի էին ունեցել սահմանադրական փոփոխություններ։