Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտի մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման գործընթացը
Գործադիրի այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կամրապնդվեն սեփականության իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության իրավական հիմքերը:
Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ է այնպիսի ժամկետ սահմանել, որը հնարավորություն կստեղծի սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց արդյունավետորեն իրացնել իրենց բողոքարկման իրավունքը: Օրինագծով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման համար նախատեսվել է մեկամսյա ժամկետ:
Հավանություն է տրվել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կվերանան անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման գործընթացի իրականացման ժամանակ առաջացող խոչընդոտները: Օրենքի նախագծով սահմանվել է, որ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման գործընթացը, բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ: Սահմանվել է նաև, որ նշված դրույթը չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված դեպքերում:
Հավանության է արժանացել նաև ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման և սնանկության գործընթացների արդյունավետությունը, ինչպես նաև կնվազեցվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով սնանկության ինստիտուտի կիրառման անհրաժեշտությունը:
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, սահմանվել է, որ պարտապանի գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իրավունք ունի իր որոշմամբ հանձնարարելու պարտապանին իրականացնելու պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար սահմանելով հանձնարարականի կատարման ժամկետ: Եթե պարտապանը որոշմամբ սահմանված ժամկետում չի կատարում հանձնարարականը, ապա հարկադիր կատարողը, որպես պարտապանի ներկայացուցիչ, կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը) և կատարված ծախսերը, որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձում պարտապանից:
Նախատեսվել է նաև, որ եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում պարտապանը 5 օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին