ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հիշեցնում է, որ նույնիսկ Եվրոպական կոնվենցիան է սահմանում խաղաղ ցույցի սահմանափակումը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հասարակության մի ստվար զանգվածի մոտ ձևավորված մտայնությանը, ըստ որի խաղաղ ցույցը կարող է իրականացվել անընդմեջ ու առանց սահմանափակումների: Նա հիշեցրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի երկրորդ մասով հստակ սահմանված է, թե որ դեպքերում է անհրաժեշտ սահմանափակել նույնիսկ խաղաց ցույց իրականացնողներին:
«Ցույցի խաղաղ լինելը դեռ չի նշանակում անսահմանափակ հնարավորություններ: Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը , որը երաշխավորում է քաղաքացիների՝ խաղաղ ցույցի իրավունքը, իր 2-րդ մասով սահմանում է, որ ի թիվս այլ հանգամանքների, այլոց իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով, խաղաղ ցույցը ևս ենթակա է սահմանափակման: Այսինքն՝ այն հանգամանքը, որ ցույց խաղաղ է, դեռ չի նշանակում, որ այդ ցույցն անսահամանափակ պետք է իրականացվի: Պետությունը նույն այդ կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի կոնտեքստում, այլոց իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով, կարող է սահմանափակել նաև խաղաղ ցույց իրականացնողներին,- ասել է Կոստանյանը: