Թույլ չտալ, որ թշնամին գտնի մեր թուլությունը. Կոմանդոսը երկխոսելու կոչ է անում
Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախը հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) կոչ է արել գնալ օրինական ճանապարհով, ընտրել երկխոսելու ուղին: Panorama.am-ի հետ զրույցում Տեր-Թադևոսյանն անդրադարձավ Հայաստանում վերջին օրերին կատարվող իրադարձություններին:
«Քայլը, որ մենք արեցինք, դրանով ապացուցեցինք ամբողջ աշխարհին, որ մենք կարգապահ ենք, մեր վարկանիշը բարձրացավ, հիմա մեր ազգով պարծենում են, մեզ շնորհավորում: Առաջին քայլը արվել է, հիմա ես մտածում եմ երկրորդ քայլի մասին, որ պետք է նորից օրինական ճանապարհով գնանք»,- ասաց նա:
Տեր-Թադևոսյանը նշեց, որ հիմա երկխոսելու ժամանակն է, պետք է հիմա ընդդիմությունն ու պետական մարմինները երկխոսեն: Արցախի հերոսն ասաց, որ ցանկանում է՝ խաղաղ երկխոսություն լինի՝ սեղանի շուրջ, ոչ թե փողոցում լինեն գործողությունները, այլ միջազգային իրավունքի կարգով:
«Ես կարծում եմ՝ այս երիտասարդությունը, որ դուրս է եկել, իր խոսքը ասել է, գնահատականը տվել է, հիմա իմ կարծիքով այդ ցույցերը, հանրահավաքները պետք է կանգնեցվեն»,- ասաց նա:
Տեր-Թադևոսյանը նաև նշեց, որ Հայաստանում ստեղծված իրադրության հետևանքով ակտիվացել է հակառակորդը, ովքեր արդեն գործողություններ են անում, մեր սահմանների շուրջ զինտեխնիկա են բարձրացրել: «Պետք է մտածենք՝ թույլ չտալ, որ թշնամին գտնի մեր թուլությունը և օգտվի դրանից: Մենք պետք է զգոն լինենք, մտածենք մեր սահմանների և զինվորների մասին, ինչը մի քիչ մոռանում ենք»,- ասաց նա: