Բոյարսկու կինը պատմել է ամուսնու՝ խմիչքից կախվածության մասին
Կինոյի և թատրոնի դերասանուհի Լարիսա Լուպպիանը պատմել է այն մասին, որ դերասան Միխայիլ Բոյարսկու հետ իր ամուսնությունը հայտնվել է վտանգի տակ՝ խմիչքից նրա ունեցած կախվածության պատճառով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Լուպպիանի խոսքով՝ «Դ՝Արտանյանն ու երեք հրացանակիրները» ֆիլմում նկարահանումներից հետո Բոյարսկին և իր գործընկերները սկսեցին մշտապես հանդիպել և ալկոհոլ օգտագործել:
«70-ականները շատ խմելու շրջան էին: Ներկայում երիտասարդությունը յոգայով է զբաղվում, առողջ ապրելակերպ վարում, իսկ մեր սերնդի բախտը տղամարդկանց հարցում չի բերել. շատերն են մահացել ալկոհոլի չարաշահումից: Դա պարզապես սարսափելի է», - ասել է Լուպպիանը: Նա նշել է, որ այժմ էլ ծանր է այդ ամենը հիշելը, քանի որ դժվար էր ընտանիքների կանանց, մայրերի, երեխաների համար. ամբողջ երկիրը հարբում էր:
Դերասանուհին ընդգծել է, որ ալկոհոլի օգտագործումը Բոյարսկուն չի կտրել իր աշխատանքից. չնայած դրան՝ դերասանը շատ է աշխատել, նկարահանվել է մեծ թվով ֆիլմերում, բազմաթիվ համերգներով և ներկայացումներով հանդես եկել:
Դերասանի կինը պատմել է, որ Բոյարսկուն արգելեցին խմիչք օգտագործել այն բանից հետո, երբ նա վթարի ենթարկվեց: «Ես որոեցի ամեն դեպքում բաժանվել Միշայից, որովհետև վթարից հետո նա միևնույն է շարունակում էր ժամանակ առ ժամանակ խմել, և ես շատ ծանր վիճակում էի», - հիշել է նա:
Այն օրը, երբ ամուսինները պետք է բաժանվեին, Բոյարսկին ենթաստամոքսային գեղձի սուր նոպայով հայտնվեց հիվանդանոցում: Կինը պատմում է, որ դերասանին հազիվ կարողացան փրկել: «Նրան, կարելի է ասել, հետ բերեցին այն աշխարհից», - ասել է Լուպպիանը: Նա նշել է, որ կատարվածն իրեն ստիպեց դերասանին երկրորդ հնարավորությունը տալ: Ամուսինները միասին են ավելի քան քառասուն տարի: