Մեզ համար կարևորը մեր երկրի անվտանգությունն է. Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Շվեդիայի հետ բազմաշերտ և փոխշահավետ համագործակցությունը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչին նպաստում են նաև երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքն ու խորհրդարանականների փոխայցերը:
ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Շվեդիան իրավամբ համարվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով օրինակելի երկրներից մեկը: Այս համատեքստում Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին և վերահաստատել հայկական կողմի՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամությունը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը, ներկայացնելով ներքաղաքական զարգացումները, ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում ժողովրդավարության կայացածության վկայությունն են, ինչն այլևս անշրջելի իրողություն է:
«Մեզ համար կարևորը մեր երկրի անվտանգությունն է և ժողովրդի բարօրությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:
Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն նոր էջ է բացում հարաբերությունների պատմության մեջ: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը ևս կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ժողովրդավարության դրսևորումները նպաստել են երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրն այսուհետ ևս կսատարի Հայաստանին իր նախաձեռնություններում: