Եվրոպական խորհրդարանի պատգամավոր․ Լեռնային Ղարաբաղն արժանի է ճանաչվելու Եվրամիության կողմից
«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իշխանության ժողովրդավարական փախանցում էր: Հայերն ապացուցեցին, որ այժմ նրանք պատրաստ են կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Լեռնային Ղարաբաղն արժանի է անկախության ու այն արժանի է ճանաչվելու Եվրամիության ու Եվրոպայի մյուս դերակատարների կողմից»,-այսօր այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտատինան՝ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր «Իրավիճակը Հայաստանում» թեման։
Պատգամավոր Հեյդի Հաութալան նշեց, որ իսկապես հուզիչ էր, թե ինչպես տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցումը Հայաստանում՝ հավելելով, որ շատ հաջող ստացվեց այն, որ Հայաստանի խորհրդարանն այս դրամատիկ իրադարձություններից առաջ միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Հաութալան հույս հայտնեց, որ ԵՄ-ն կընդլայնի իր աջակցությունը Հայաստանին ամենատարբեր ձևերով՝ օգնելով բարեփոխումներին։
Հաութալան, ով 2017թ․-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորում էր Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունը, նշեց, որ պետք է պատրաստ լինել մասնակցելու Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը։
Գերմանացի պատգամավոր Ռեբեկա Հարմս էլ իր ելույթում երկու կարևոր փաստ առանձնացրեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից։
«Հայաստանում տեղի ունեցածը ցույց տվեց հասարակության մեջ ժողովրդավարական զարգացումները, որտեղ քաղաքացիները պատասխանատվություն ստանձնեցին։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ վարչապետն ամենաճիշտ պահին որոշեց ամենաճիշտ քայլը՝ հրաժարական տվեց, ինչը ցույց է տալիս, թե որքան փոփոխություն է կատարվել Հայաստանում։ Այս աշխարհամասի արևմուտքի համար շատ հաճելի էր տեսնել այս ամենը»,-ասաց Ռեբեկա Հարմսը։
Նշենք, որ քննարկումից առաջ եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին: