Թանգարանների գիշերն այս տարի նաև ոչ ավանդական միջոցառումների շարքով կներկայանա
«Հայաստանում 15-րդ և Արցախում 6-րդ անգամ արդեն նշվելու է Թանգարանների միջազգային օր և Թանգարանների գիշեր երկօրյա մշակութային տոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Այս տարի Հայաստանի և Արցախի 116 թանգարան միացել են ծրագրին, նախորդ տարի թիվը եղել է 113: Այս տարվա թեման է գերհաղորդակցվող թանգարաններ:
Փոխնախարարի խոսքով՝ հիմնական նպատակը հասարակության էլ ավելի մեծ շերտերի մասնակից դարձնելն է այս միջոցառմանը, ծանոթացել նորովի ներկայացված ոչ միայն հիմնական ցուցադրություններին, այլև դասախոսություններին, համերգային ծրագրերին:
«Տարբեր տարիքային խմբերի համար հետաքրքրություն առաջացնող միջոցառումներ կան: Թանգարանների գիշերը տալիս է նաև հնարավորություն այցելել այն ցուցադրություններին, որոնց որ սովորական օրերին հնարավոր չի լինում այցելել»,- նշեց Արև Սամուելյանը:
Նա տեղեկացրեց, որ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, թանգարանները բաց կլինեն մինչև ժամը 18-ը, իսկ հաջորդող օրը՝ Թանգարանների գիշերը բաց կլինեն ժամը 18-24-ը:
Հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը հատկապես կարևորեց Երևանի պատմության թանգարանի և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ծրագրերը:
«Երևանի պատմության թանգարանում գիշերը կցուցադրվի Երևան 2800 գորգը, որի ստեղծման աշխատանքները սկսվել էին ուղիղ մեկ տարի առաջ: Գորգը «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից նվիրվելու է թանգարանին և կցուցադրվի ողջ տարվա ընթացքում: Իսկ Էրեբունի արգելոց-թանգարանում ևս մի շարք միջոցառումներ են նախատեսված՝ ազգագրական երգուպարից՝ մինչև ուրարտական խոհանոցի համտեսում»,- մանրամասնեց Օրբելյանը:
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանն էլ նշեց, որ բացի ավանդական միջոցառումներից՝ թանգարանները տարեցտարի նորություններով են հանդես գալիս. «Թանգարաններում փոխվում են նաև հաղորդակցության միջոցների ձևերը: Մենք հաճախ գերհաղորդակցվող տերմինի տակ տեսնում ենք միայն տեղեկատվական տեխնոլոգիաներ, բայց պիտի ասեմ, որ հաղորդակցությունը ոչ միայն ՏՏ-ն է, այլ անձը անձի հետ ինտերակտիվ շփումը: Այս տարվա խորագրով ԻԿՕՄ-ը փորձեց ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ թանգարաններից շատերն աշխարհում պիտի ցուցադրեն հաղորդակցության բոլոր հետաքրքիր միջոցները, որոնք կիրառում են իրենց տեղական համայնքների հետ համագործակցելով»:
Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն Հայկ Մկրտչյանի խոսքով՝ իրենց կազմակերպությանն անդամակցում են բազմաթիվ թանգարանների աշխատողներ, որոնք իրենց մոնիթորինգային գործունեությամբ փորձում են հասկանալ՝ ինչ փոփոխություններ ու տենդենցներ կան թանգարաններում:
«Արդեն շատ տեսանելի է, որ Թանգարանների միջազգային օրը հերթեր են գոյանում թանգարանների դիմաց, իսկ ժամանցի այլ կենտրոններն ու սրճարաններն ավելի դատարկ են լինում»,- նշեց նա:
Թանգարանների միջազգային օրվա ծրագրերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Թանգարանների միջազգայիրն օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին