Եվրահանձնաժողովը դատի է տվել ԵՄ անդամ վեց երկրների՝ օդի աղտոտման համար
Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ վեց երկրների դատի է տվել՝ օդի մաքրմանը միտված քայլերի բացակայության, իրենց տարածքում շրջակա միջավայրի աղտոտման բարձր մակարդակի պահպանման համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
«Հանձնաժողովը որոշել է դիմել ԵՄ դատարան՝ ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի՝ ազոտի երկօքսիդի առավելագույն թույլատրելի արժեքները գերազանցելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Հունգարիայի, Իտալիայի և Ռումինիայի գործերը դատարան են փոխանցվում՝ պայմանավորված PM10 մասնիկների մշտական բարձր ցուցանիշով։ ԵՄ անդամ երկրների գործերը դատարանին փոխանցելու որոշումն ընդունվել է եվրոպացիների անունից։
Շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Կարմենու Վելլան տեղեկացրել է, որ նշված երկրներին իրավիճակը բարելավելու համար բավական թվով «վերջին հնարավորություններ» են տրվել վերջին տասը տարիներին։ Հանձնաժողովը նաև պաշտոնական ծանուցումներ է ուղարկել Գերմանիային, Իտալիային, Լյուքսեմբուրգին և Մեծ Բրիտանիային՝ այն հիմքով, որ վերջիններս չեն հետևել տրանսպորտային միջոցների պաշտոնապես հաստատված տեսակների մասին ԵՄ կանոններին։