ՀՀԿ-ն չի պատրաստվում կառավարության գործունեությունն արհեստականորեն խոչընդոտել. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել և մնում է Հայաստանի անկախ պետականության քաղաքական հիմնասյուներից մեկը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, Արցախի Հանրապետության անվտանգության ամրապնդման: Մեզ համար շատ կարևոր են բանակաշինության, Արցախի միջազգային ճանաչման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, ազգային արժեքների ամրապնդման խնդիրները»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով շրջանառվող լուրերի մասին, թե ՀՀԿ-ն իբր որոշել է նոր ձևավորված կառավարության նկատմամբ ռևանշի հասնել՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ ՀՀԿ-ն ոչ հեղափոխական է, ոչ էլ՝ հակահեղափոխական, նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունեն: «Ավելին՝ մենք ռևանշիստներ չենք, հետևաբար՝ բոլոր նրանք, որոնք մեր մեջ տեսնում են հեղափոխականներ, հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, խնդրում եմ զերծ մնալ նման եզրույթներից: Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ», - նշեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քաղաքական գործընթացները պետք է շարունակվեն քաղաքական տրամաբանությամբ:
Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց քննարկել է, ՀՀԿ խոսնակն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել, արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն քաղաքական ու իրավական պայմաններ:
«Որքանով ես տեղյակ եմ, վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել հավակնոտ կառավարության ծրագիր: ՀՀ սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները՝ երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե բոլորս կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար, այս փուլում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարց չի դրվի: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ սա քննարկման հարց է, քննարկենք՝ կտեսնենք: Ես կարծում եմ, որ քաղաքական գործընթացները շատ արագ են փոխվում և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի երկու, երեք կամ չորս ամիս հետո: Դրա համար կարծում եմ, որ ժամանակավրեպ է այսօր խոսել մի բանի մասին, որը կարող է արդիական լինել մի քանի ամիս անց կամ չլինել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է և առանց խորհրդարանական ընտրությունների քաղաքական իրավիճակը մտնում է փակուղի, ՀՀԿ խոսնակը չընդունեց այդ տեսակետը՝ նշելով, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները եղել են լեգիտիմ, ՀՀԿ-ն չի պատրաստվում կառավարության գործունեությունն արհեստականորեն խոչընդոտել: «Մենք ասել ենք՝ մեր առաջնահերթությունները՝ Արցախի հարցում, Ցեղասպանության ճանաչման գործում հետքայլ չենք հանդուրժելու, և պատրաստ ենք նոր կառավարության հետ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը կբխի ՀՀ քաղաքացիների շահերից»,- ընդգծեց նա: