Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարում քննարկել գյուղացիների վարկային պատմության հետ կապված համաներման հնարավորությունը
Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվել է վերջերս մարզերում տեղի ունեցած կարկտահարության վնասի ծավալների մասին:
Գյուղնախարարը տեղեկացրել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքերը գրանցվել են մայիսի 8-ին, տուժել են Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզի համայնքները: Ըստ նախարարի՝ ընդհանուր վնասված տարածքը Արագածոտնի մարզում նախնական գնահատականներով կազմել է մոտ 350 հա:
«Վնասի չափը, կախված համայնքից, 20-80 տոկոս է կազմել: Ամենաշատը տուժել է Արագածավանը՝ մինչև 80 տոկոս: Վնասված մշակաբույսը հիմնականում միրգ, պտուղ է: Արմավիրի մարզում վնասը ավելի քիչ է՝ 30 հա: Կարծում եմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կունենանք կորուստների դրամական կոնկրետ գնահատականը»,-ասել է Արթուր Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վնասների չափի վերաբերյալ հստակ տեղեկատվությունը քննարկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ:
«Փաստորեն մենք կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հակակարկտային արդյունավետ համակարգ չունենք: Սա լուրջ խնդիր է: Տարօրինակ է, անկեղծ ասած, որովհետև շատ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց, ցավոք, դրանք տեղի չեն ունեցել: Այստեղ պետք է նաև հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում հակակարկտային ցանցեր տեղադրելու հնարավորությունից: Ենթադրում եմ՝ կարելի է կռահել, պատճառները ֆինանսական են, և մենք լրջագույն խնդիր ունենք»-նշել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղվարկերին, նշել է, որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որն ավելի է ծանրացել տույժ, տուգանքներով:
«Երեկ մենք Կենտրոնական բանկի նախագահի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել: Խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ այդ մեխանիզմները մշակենք, որպեսզի գյուղացիներին վարկային տույժ, տուգանքներից ազատենք: Նաև անհրաժեշտ է քննարկել վարկային պատմության հետ կապված համաներման հնարավորությունը, որպեսզի մարդիկ կարողանան վարկեր ստանալ և իրենց այգիները, տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և առաջարկել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ակտիվ մասնակցել այդ քննարկումներին՝ խնդրի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու և ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում