Մտավորականների կարծիքով՝ նոր կառավարությանը պետք չէ խանգարել
Հայաստանում իշխանափոխության ուղղությամբ արված է առաջին գլխավոր քայլը, սակայն դեռ բավական ժամանակ կա, որ իշխանությունն ամբողջությամբ հնարավոր լինի ենթարկել նոր ձևավորվող իշխանությանը: Մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
«Դրա համար բավական գործ կա անելու, պետությունն այնպես են ավերել ու այլանդակել, որ արագ հնարավոր չի լինի, հուսով եմ՝ քայլերը արվում են ճիշտ: Գուցե մեզ թվում է՝ քայլերն ուշացումով են արվում, բայց իմ գնահատականն է, որ դրանք արվում են, և կարծում եմ՝ անպայման հաջողելու ենք»,- ասաց նա:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի կարծիքով ՝կա ժողովրդական հսկայական վստահության քվե ստացած վարչապետ և ժամանակավոր կառավարություն: Նա հիշեցրեց՝ այս թավշյա հեղափոխության հիմնական, առաջնահերթ խնդիրը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են:
«Ես սա շատ եմ կարևորում: Ինչպես ասում են՝ պիտի չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, որ լինեն այն փոփոխությունները, որոնց սպասում ենք, որոնց համար պիտի դիմանանք ինչ-ինչ խնդիրների»,- ասաց նա:
Խոդիկյանի խոսքով՝ այսօրվա կառավարությունը քաղաքական համակարգ չունի, այն համակարգը, որի վրա հենվելով՝ հնարավոր է անել այն փոփոխությունները, որոնց սպասում են բոլորը, և որոնք կարող են զարգացման գրավական լինել: Դրամատուրգը նշեց, որ մարդիկ ուզում են՝ քսան-երեսուն տարիների, անգամ խորհրդային ժամանակներից եկած խնդիրները միանգամից լուծվեն, վարչապետը մի զանգով լուծի դրանք:
«Մենք հոգնել ենք մի զանգով խնդիր լուծելուց»,- ասաց նա:
Թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ իրեն ավելի հետաքրքրում է մարդկային բնավորությունը: Նա հիշեցրեց, որ ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում երբ իրեն հարցրել են՝ ինչի՞ց մահացավ Մհեր Մկրտչյանը, ինքն ասել է մի բան, որը նրանց սկզբում տարօրինակ է թվացել:
«Ես ասացի՝ ժողովրդի սիրուց: Ասում էին՝ «Ֆրունզի հետ նստենք», ու բոլորն անընդհատ խմեցնում, խմեցնում էին, ինչից նրա օրգանիզմը վնասվեց: Երբ տեսա նրան մահվանից մի քանի օր առաջ, նա դուրս էր եկել փողոց, մեքենա էր կանգնեցնում, ոչ ոք չէր կանգնում: Հենց որ կուռք են դարձնում, ամեն ինչ փչանում է: Ես շատ եմ հավանում Նիկոլի պարզ, անմիջական տեսակը, բայց կուռք դարձնել պետք չէ: Բացի այդ, մի խանգարեք, հակառակ դեպքում նա պիտի հասկանա, որ ճիշտը ժողովրդից հեռու պահելն է»,- ասաց նա:
Ծատուրյանը նշեց՝ Փաշինյանին են դիմում ամենատարբեր հարցերով՝ «բա մորս թոշա՞կը», «բա իմ բնակարանի հա՞րցը», նա կոչ արեց զբաղվել Հայաստանի շինարարությամբ, դադարեցնել ցույցերը, անընդհատ աշխատել, որ երկիրը երկիր դարձնեն:
«Սրան հանեք, նրան հանեք, կարելի՞ է այդ մարդուն անընդհատ փողոցում բռնել ու հարցեր տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ 15 օր իշխանության եկած մարդու վրա չափից շատ պահանջներ են բարդում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին